Պարբերաբար մեր հասարակության շրջանում, հատկապես զբոսաշրջային պիկ սեզոնին, դժգոհություններ են առաջանում, թե մեր երկրում գործող ավիաընկերությունների տոմսերի գները բարձր են: Ավիաընկերություններն էլ դա պատճառաբանում են օդանավակայանի ծառայությունների սակագներով: Նույնիսկ որոշ հայկական ավիաընկերություններ տեղական շուկայում իրենց ձախողման պատճառը «Զվարթնոց» օդանավակայանի բարձր գներն էին համարում՝ լռելով սեփական սխալ մարկետինգային քաղաքականության մասին:
Արդյո՞ք «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի ծառայությունների գները խելամիտ են, մրցունակ եւ համադրելի նմանատիպ օդանավակայանների ծառայությունների գների հետ: Փորձենք հասկանալ, թե ինչ սակագներ է սահմանել «Զվարթնոցը»: Եվ որպեսզի ամեն ինչ պարզ ու, այսպես ասած, արդար լինի կամ արդարացված համեմատություն լինի, ապա նախ հարկավոր է օդանավակայաններում գործող սակագների համեմատության համար հաշվի առնել մի շարք հանգամանքներ: Օրինակ՝ տարածաշրջանային առանձնահատկությունները, տարեկան սպասարկվող ուղեւորների քանակը, միջազգային սերտիֆիկացման չափանիշները եւ այլն: Նաեւ պետք է հաշվի առնել մի կարեւոր հանգամանք եւս՝ օդանավակայանի շահագործման ծախսերը բաշխվում են օգտագործողների միջեւ, հետեւաբար առավել շատ ավիաընկերություններ սպասարկող եւ մեծ օդանավակայանների սակագներն ավելի մատչելի են դառնում, քան քիչ թվով ավիաընկերություններ սպասարկող օդանավակայանների սակագները:
«Զվարթնոցի» սակագները պարզելու համար որպես օրինակ ենք վերցրել 2017 թվականին մինչեւ 4.1 միլիոն ուղեւորահոսք ապահոված ինչպես տարածաշրջանային, այնպես էլ Եվրոպական միջազգային օդանավակայանների մատուցած հիմնական օդանավակայանային եւ վերգետնյա սպասարկման սակագները:
«Զվարթնոցն» անցյալ տարի սպասարկել է շուրջ 2.5 միլիոն ուղեւորների:
Հիմա ներկայացնենք օրինակներով. «Էյրբաս A320» օդանավի, միջինում 130 ուղեւոր փոխադրող բեռնվածությամբ, 75 տոննա առավելագույն թռիչքային քաշով «Զվարթնոցում» թռիչք-վայրէջքի գինը կազմում է 1,112 դոլար, Մինսկի օդանավակայանում՝ 1,227 դոլար, Թբիլիսիում՝ 663 դոլար, Բաքվում՝ 878 դոլար, Զագրեբում (Խորվաթիայի մայրաքաղաք)՝ 722 դոլար: Սրանք սպասարկվող ուղեւորների ծավալներով համադրելի օդանավակայաններ են: Նույն օդանավակայաններում ուղեւորի սպասարկման վճարներն են՝ Երեւան՝ 3,042 դոլար, Մինսկ՝ 2,860 դոլար, Թբիլիսի՝ 3,120 դոլար, Բաքու ՝ 4,259 դոլար, Զագրեբ՝ 2,586 դոլար: Օդանավի անվտանգության վճարը՝ Զագրեբի եւ Երեւանի օդանավակայաններում նման վճար չի պահանջվում, չկա, իսկ Մինսկում այն արժե 380 դոլար, Թբիլիսիում՝ 132 դոլար, Բաքվում՝ 263 դոլար: Ուղեւորի անվտանգության վճարը Երեւանում՝ 304 դոլար, Մինսկում՝ 798 դոլար, Թբիլիսիում՝ 563 դոլար, Բաքվում՝ 3,346 դոլար, Զագրեբում՝ 989 դոլար:
Ենթակառուցվածքի վճար Երեւանում, Թբիլիսիում եւ Բաքվում չկա, իսկ Մինսկում այն կազմում է 650 դոլար, Զագրեբում՝ 436 դոլար: Վերգետնյա սպասարկման արժեքը Երեւանում՝ 1,636 դոլար, Մինսկում՝ 1,672 դոլար, Թբիլիսիում՝ 1645 դոլար, Բաքվում ՝ 2,383 դոլար, Զագրեբում՝ 1,563 դոլար: Եվ այս բոլոր ծառայությունների համար օդանավակայաններում պահանջվող վճարները միասին կազմում են Երեւանում՝ 6,094 դոլար, Մինսկում՝ 7,587 դոլար, Թբիլիսիում՝ 6,122 դոլար, Բաքվում՝ 11,129 դոլար, Զագրեբում՝ 6,296 դոլար:
Սա ցանկացած ավիաընկերության գինն է, որը վճարում է տվյալ օդանավակայանում:
Ինչպես պարզ է դառնում այս թվերից, նմանատիպ 5 օդանավակայանների մեջ, չնայած որ մյուս 4-ը սպասարկում են ավելի մեծ քանակությամբ ուղեւորների, ըստ հայտարարված սակագների՝ «Զվարթնոցն» ամենամատչելին է: Ընդ որում, «Զվարթնոց» օդանավակայանի ենթակառուցվածքը տարածաշրջանում լավագույնն է, եւ ի տարբերություն մյուս օդանավակայանների՝ սպասարկման սակագները վերջին 6 տարիների ընթացքում չեն ավելացվել, եւ «Զվարթնոցի» սակագները, ըստ վերը նշված թվերի, ամենացածրն են: Սակայն կա մի խնդիր. «Զվարթնոցի» գներն ավելի ցածր են առանց պետական տուրքի, ժողովրդին ավելի ծանոթ՝ «օդի փողի»: Սա այն 10,000 դրամ պետտուրքն է, որը յուրաքանչյուր մեկնող ուղեւորի համար սահմանված գումար է: Նշված տուրքը կանոնավոր ավիափոխադրումներ իրականացնող ընկերությունները յուրաքանչյուր չվերթից հետո փոխանցում են Հայաստանի պետական բյուջե, իսկ ոչ կանոնավորների/չարտերայինների դեպքում օդանավակայանն է այն գանձում ավիափոխադրողից եւ ապա փոխանցում պետությանը: Այսինքն՝ յուրաքանչյուր ուղեւորից գանձվող այս 10 հազար դրամը ոչ ավիաընկերության եւ ոչ էլ օդանավակայանի եկամտի մեջ չի ներառվում, այլ փոխանցվում է պետական բյուջե:
Ի՞նչ ազդեցություն է թողնում այս 10 հազար դրամ պետտուրքը. օրինակ՝ եթե առանց պետտուրքի ներառման ավիաընկերությունը 1 չվերթի համար վճարում է 6,094 դոլար, ապա ներառելով այն՝ ընդհանուր գումարը հասնում է 8,785 դոլարի՝ մոտ 44%-ով ավելացնելով ավիաընկերության ծախսերը: Այսինքն՝ 10 հազար դրամը տոմսի գնի մեջ ներառված արժեքն է, որը մոտ 44%-ով ավիաընկերության ծախսը ավելացնում է:
ՆԱՐԻՆԵ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
«Առավոտ»
06.11.2018