ԱՄՆ-ի եվրասիական տարածաշրջանի գծով փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը պատասխանել է Ամերիկայի Ձայնի հարցերին:
Միացյալ Նահանգների եվրասիական տարածաշրջանի գծով փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը, պատասխանելով Ամերիկայի Ձայնի հարցերին Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների և Հայաստանի վերաբերյալ, վերահաստատել է, որ ԱՄՆ-ի նախագահ Թրամփի վարչակազմը հայտարարությունների ու մտահոգությունների միջոցով պարզ արտահայտել է իր դիրքորոշումը, որ Իրանն ապակայունացնող ուժ է տարածաշրջանում: Ըստ բարձրաստիճան դիվանագետի, պատճառը ոչ միայն միջուկային զենք ստեղծելու Իրանի ցանկությունն է, որին առնչվում են նախկինում ընդունված պատժամիջոցները Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ներքո, այլ նաև շարունակական աջակցությունն ահաբեկչությանը և իրավիճակի ապակայունացումը՝ Հեսբոլահ և Համաս խմբավորումների հովանավորության, ինչպես նաև բալիստիկ հրթիռների ծրագրի միջոցով: Ըստ Քենթի, ԱՄՆ-ը լուրջ է մոտենում տարածաշրջանի այս սպառնալիքին: Միևնույն ժամանակ, ընդգծում է դիվանագետը, ԱՄՆ-ի վարչակազմը ցանկանում է աշխատել իր գործընկերների ու բարեկամների հետ՝ վստահ լինելու համար, որ նրանք անդառնալի կորուստներ չեն կրում: Սակայն, դիվանագետը կոչ է անում թյուր չընկալել իր խոսքերը, քանի որ ԱՄՆ-ը նպատակադրված է գործողություններ իրականացնել՝ սահմանափակելու Իրանի կարողությունները։
«Մենք հասկանում ենք, որ Հայաստանն ունի դժվար աշխարհագրական դիրք, սակայն մենք նաև մտահոգված ենք տարածաշրջանային կայունությամբ»,- ասում է փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը:
«Ամերիկայի Ձայն»