Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գրեթե ամեն օր ստանում ենք բոթ, որ հերթական գրադարանն է փակվել». «Իրատես»

Նոյեմբեր 06,2018 10:32

Գրադարանային ոլորտում առկա խնդիրների մասին «Իրատեսը» զրուցել է մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնակատար ՎԱՀԵ ԲՈՒԴՈՒՄՅԱՆԻ հետ:

-Գրադարանները կարծես ուշադրության կենտրոնում են հայտնվել: Թեև թվում է՝ միշտ կար որոշակի ուշադրություն, պարբերաբար ասվում էր, որ գրադարանները համալրվում են նոր գրքերով: Բայց երբ խոսում էինք գրադարանավարների, գրադարանների տնօրենների հետ, հատկապես մարզային, պարզվում էր՝ գոնե լավ գրքերի պակասը մշտակա խնդիր է: ՈՒրեմն, քի՞չ է համալրվում, թե՞ անհրաժեշտ գրքերով չի համալրվում գրաֆոնդը:

-Նախ՝ անհամաձայնությունս եմ ուզում հայտնել. ես կարծում եմ, որ գրադարանների մասին քիչ է խոսվում, նախկինում էլ քիչ է խոսվել: Չէի ուզի ասածս որևէ մեկին վիրավորեր, որովհետև սա միտումնավոր չի արվել, հանգամանքների բերումով գրադարանը միշտ համարվել է նվազ կարևորություն ունեցող տիրույթ: Բացի այդ, բացասական գնահատական տալը, գրադարանային ոլորտի խնդիրները բարձրաձայնելը նախկինում ընդունված չեն եղել, և հիմա տպավորություն է ստեղծվում, թե մշակույթի նախարարությունն է դժգոհում գրադարանների վիճակից: Իսկ դժգոհելու պատճառներ իսկապես կան, որովհետև մենք մտել ենք մի պայքարի մեջ, որտեղ կան բազմաթիվ գործոններ, սուբյեկտներ, և աշխատանք չի արվում:

Մշակույթի նախարարությունն իր ենթակայության տակ ունի 12 գրադարան (10 մարզային, 2 ազգային` Հայաստանի ազգային և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանները), համայնքապատկան գրադարանների ցանցը, վերջին տվյալներով, 700-ից ավելի է (իհարկե, կարելի է վիճարկել, ասել, որ գոնե գործող գրադարանները շատ ավելի քիչ են): Վերջիններիս պարագայում ներգրավված են համայնքների ղեկավար մարմինները և կան միջնորդող օղակներ՝ մարզպետարաններ, որոնց հետ աշխատում է տարածքային զարգացման և կառավարման նախարարությունը: ՈՒրեմն, հարցը բազմաճյուղ է, և նշված մարմիններից բոլորը պետք է ներգրավված լինեն գրադարանների հարցի կարգավորման գործընթացներում: Օրինակ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ համայնքային գրադարանները բավականին խոցելի վիճակում են, մենք գրեթե ամեն օր ստանում ենք բոթ, որ հերթական գրադարանն է փակվել: Ցավալի է, բայց դա մեր իրականությունն է: Օրերս լուր ստացանք, որ մի գրադարանի գրքերի զգալի մասը այրվել է, մի մասն էլ բաժանել են: Կարելի է ենթադրել, որ որոշել են կոծկել գրադարանի փակման հարցը կամ հեշտությամբ ազատվել գրքերից: Ոչ ոք հստակ չի կարող ասել: Մեկ ուրիշ համայնքապատկան գրադարան ավագանու որոշմամբ փակելու են, տեղում ունենալու են սգո սրահ: Եվ նման դեպքերը օրինաչափ են դարձել:

-Ի՞նչ պատճառաբանությամբ են փակում գրադարանները:

-Հաճախ ասում են՝ մեր միջոցները սուղ են, կամ գրադարանում ընթերցող չկա, այսինքն, որպես կանոն, երբ խնայողությունների կարիք է լինում, առաջին տեղը, որտեղից կարելի է միջոցներ խնայել, գրադարաններն են: Չէի ուզի բացասական հունի մեջ ընկներ խոսակցությունը, սա ինձ համար ցավոտ խնդիր է, ու կարող եմ երկար խոսել:

-Կա՞ն համայնքային գրադարաններ, որ աչքի են ընկնում ժամանակակից մոտեցումներով, ակտիվ գործունեությամբ:

-Իհարկե՝ կան: Բայց կուզեի հստակեցնել. համայնքային գրադարան ասելով՝ մենք հասկանում ենք հանրային գրադարանները, հանրային գրադարան ասելով՝ նկատի չունենք մասնավոր, դպրոցական կամ համալսարանական գրադարանները, որովհետև դրանք նախատեսված են դպրոցի կամ համալսարանի, մասնավորի դեպքում ՝ մասնավոր ընկերության համար: Դիլիջանում Կենտրոնական բանկի ստեղծած գրադարանը բավական լավ աշխատանք է անում համայնքի ու, երևի թե, ողջ մարզի համար, աշխատում է որպես բաց գրադարան, սակայն բնույթով, իրավական տեսանկյունից մասնավոր է: Առանձնանում է նաև Դիլիջանի միջազգային դպրոցի գրադարանը, որը նույնպես հանրային չէ: Պարզապես այս երկու օրինակները չնշել չէի կարող:

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարը՝ Ալեք ԼԵՎԱՍԳԱՆԻԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930