Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայ-պակիստանյան օտարացումը պակիստանցի լրագրողի աչքերով

Նոյեմբեր 06,2018 10:27

2017 թ. ամռանը հարսանիքի մասնակցելու հրավեր էի ստացել ընկերոջիցս` օպերային խմբավար Ջիանլուկա Մարկիանոյից, որն ամուսնանում էր ազգությամբ հայ Տաթևիկ Շահինյանի հետ, պակիստանյան անգլիալեզու The Express Tribune պարբերականում գրում է սյունյակագիր Աբրար Ամինը:

Բնականաբար հուզված արագ կապվեցի վրացի ընկերներիս հետ և որոշեցի մեկնել Թբիլիսի, այնտեղից՝ մեքենայով Երևան: Հետո որոշեցի զբաղվել Հայաստանի վիզայի հարցով և ապշեցի. Իսլամաբադում ՀՀ դեսպանություն չկա: Ավելի խորը փորփրեցի, և ի զարմանս ինձ, հայտնաբերեցի, որ Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերություններ չկան:

Դա իմ կյանքի մի քանի տարիների ընթացքում կատարած ամենատարօրինակ բացահայտումներից մեկն էր, գրում է հեղինակը, քանի որ մենք մանկությունից գիտեինք, որ Պակիստանը և Իսրայելը դիվանագիտական ​​հարաբերություններ չունեն և չեն էլ պատրաստվում ունենալ: Բայց ոչ Հայաստանը:

Իմ խնդրանքով Տաթևիկը նույնիսկ դիմեց համապատասխան պետական ​​պաշտոնյաներին՝ անձնապես երաշխավորելով ինձ համար, բայց ես հիասթափեցնող պատասխան ստացա. Հայաստանը չի կարող վիզա տրամադրել պակիստանցու: Արդյունքում ես բաց թողեցի ընկերոջս հարսանիքը և դրանից հետո տեսարժան վայրեր տեսնելու հնարավորությունը, ինչպես որ նախատեսում էի:

Դրանով սկիզբ դրվեցի իմ խորը ուսումնասիրություններին երկու երկրների տարօրինակ օտարացման մասին, որոնք ոչ մի ուղղակի տարաձայնություն չունեն միմյանց հետ, և ոչ էլ երբևէ կանգնած են եղել տարածքային հակամարտության երկու տարբեր կողմերում: Հետևաբար, ինչն է նրանց միջև անդունդի պատճառը:

Ադրբեջանի և Արցախի (որը հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղ) միջև պատերազմում էթնիկ հայկական այդ տարածքը Իոսիֆ Ստալինի ոչ հեռանկարային քաղաքական որոշման արդյունքում շնորհվեց նորաստեղծ Ադրբեջանին: Հայաստանն այդ հարցում աջակցեց Արցախին, հետևաբար, երկու հարևան երկրներն ուղղակի դիվանագիտական ​​հարաբերություններ չունեն:

Հայաստանը դիվանագիտական ​​հարաբերություններ չունի նաև Թուրքիայի հետ: Սակայն Թուրքիան 1991 թ. առաջին երկիրն էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը, և երկու երկրների քաղաքացիները հեշտությամբ կարող էին ստանալ էլեկտրոնային վիզա կամ այցագիր հենց սահմանի վրա:

Պակիստանը միակ երկիրն է աշխարհում, որը չի ճանաչում Հայաստանը որպես անկախ և ինքնիշխան պետություն: Ինչո՞ւ:

Եկեք նայենք խաղի աշխարհաքաղաքական վիճակին, որն ազդում է այս օտարացման վրա: Պակիստանը և Աֆղանստանն աջակցել են Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում, իսկ դրանից հետո Պակիստանը շարունակում է շատ սերտ հարաբերություններ պահպանել Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Ադրբեջանը սատարում է Պակիստանի դիրքորոշումը Հնդկաստանի հետ Քաշմիրի հարցում: Պակիստանի կողմից ակնհայտ թուրքամետ և ադրբեջանական դիրքորոշման պատճառով Հայաստանն էլ նույն Քաշմիրի հարցում սատարում է Հնդկաստանին Պակիստանի դեմ, ինչը կարծրացրել է Պակիստանի և Հայաստանի դիրքորոշումները:

Բայց կա նաև մեկ այլ հարց. Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է այսպես կոչված Խոջալուի ցեղասպանության մեջ, և այդ հարցում Պակիստանը պաշտպանում է ադրբեջանական կողմին: Կարևոր է նաև հիշատակել Հայաստանի մեղադրանքն Ադրբեջանի նկատմամբ՝ 1988 թ. Սումգայիթում հայերի ծրագրված կոտորածի մեջ, որն էլ հենց հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի պատերազմին:

Այս բոլոր բարդ վերադասավորումները հանգեցրել են Պակիստանի և Հայաստանի միջև ինչ-որ փակուղային վիճակի: Երկու երկրների ժողովուրդները գոյություն են ունեցել վերջին 400-600 տարիների ընթացքում, բայց հնարավորություն չունեն ծանոթանալու միմյանց հետ, ինչը տխուր իրավիճակ է: Երկու երկրների հարուստ և բազմադարյա մշակույթներն ու ավանդույթները նույնպես կողմերին ծանոթ չեն: Ոչ մի ջանք կարծես չի գործադրվել կամ որևէ քայլ չի ձեռնարկվել՝ այս օտարացմանը վերջ տալու համար: Պակիստանի կողմից, ամենայն հավանականությամբ, այն մտավախությունն է, որ Հայաստանի ուղղակի ճանաչումը կհանգեցնի Թուրքիայի և Ադրբեջանի հետ ավանդական սերտ հարաբերությունների վատթարացման: Հայկական կողմում, հավանաբար, զգացողություն կա, որ կարիք չկա շտապել որևէ քննարկումներ բացել Պակիստանի հետ:

Սակայն քաղաքական դիրքորոշում ունենալը և երկիրը ճանաչելը երկու առանձին հարցեր են և չպետք է դրանք իրար խառնել: Օրինակ, Պակիստանը մխացող հին վեճ ունի Հնդկաստանի հետ, սակայն երկու պետությունները ճանաչում են միմյանց անկախությունը և ինքնիշխանությունը, և սա ճիշտ է նաև Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի դեպքում: Այնուամենայնիվ, իրական դիլեման այն է, որ Պակիստանը մնում է միակ երկիրը, որը չի ճանաչում Հայաստանը որպես ինքնիշխան պետություն, չնայած որ ոչ մի ուղղակի վեճ չունի նրա հետ՝ այդպիսով խոչընդոտելով երկու երկրների ժողովուրդների միջև փոխգործակցությունը:

Այնուամենայնիվ, հեղինակը նկատում է, որ մի քանի պակիստանցիներ այցելել են Հայաստան: Օրինակ, Սայիդա Ղուլամ Ֆաթիման հրավիրվել է Հայաստանի մայրաքաղաք Երևան, երբ առաջադրվել էր «Ավրորա» մարդասիրական մրցանակի համար:

2018թ. Շվեյցարիայի Դավոս քաղաքում Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա հանդիպմանը ներկա էի Պակիստանի վարչապետ Շահիդ Հաքան Աբբասիի պատվին կազմակերպված նախաճաշին, շարունակում է հոդվածագիրը: Հարցուպատասխանի ժամանակ Սոնա Միրզոյան անունով երիտասարդ մի հայուհի հարց ուղղեց Պակիստանի վարչապետին, թե ինչու Պակիստանը և Հայաստանը դիվանագիտական ​​հարաբերություններ չունեն: Պարոն Աբբասին զարմացավ այս անսպասելի հարցից, և քանի որ ակնհայտորեն արտաքին գործերի գրասենյակի կողմից նրան իրավիճակը չէր ներկայացվել, չկարողացավ պատշաճ կերպով պատասխանել հարցին:

Մեր զրույցի ժամանակ Սոնա Միրզոյանը նշեց, որ «Պակիստանի ժողովրդի ճնշող մեծամասնությունը, նույնիսկ կառավարության մակարդակով, պարզապես անտեղյակ է այդ խնդրից, և երբ փաստում եմ, որ Պակիստանը աշխարհում միակ երկիրն է, որը չի ճանաչում Հայաստանի անկախությունը, նրանք զարմանում են: Դա, իրոք, ինձ ցավ է պատճառում… Պարզապես ճիշտ չէ, որ սովորական պակիստանցիները չեն կարող գնալ Հայաստան, իսկ հայերը՝ Պակիստան: Մենք պետք է այդ հարցը բարձրաձայնենք՝ այն լուծելու համար: Եվ իմ վերջնական ցանկությունն այն է, որ մեր երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունները ձևավորվեն մինչև 2020թ»:

Այս ժամանակահատվածում և դարում, երբ աշխարհը դարձել է խոշոր մի գյուղ, որտեղ բոլորը կապակցված են տեխնոլոգիաներով, իսկ տեղեկատվության և նորությունների փոխանակումը ակնթարթային է, երկու երկրների ժողովուրդների միջև այս անդունդը պետք է հաղթահարվի երկու կողմերի դրական քայլերի արդյունքում: Երկու երկրներն էլ գիտության և արվեստի բնագավառներում հիանալի անհատականություններ ունեն, հարմար տարբերակ կլինի նախաձեռնել մարդկային շփումներ, որը կարող է ճանապարհ հարթել պետական ​​մակարդակով առաջացած տարաձայնությունները հարթելու համար, կարծում է հոդվածի հեղինակը՝ համոզմունք հայտնելով, որ սփյուռքի մակարդակով հայ, թուրք և ադրբեջանցի ժողովուրդն արդեն իսկ ձեռնարկել է այդ շփումները:

Ի վերջո, ով գիտի, մի օր, Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան կարող են լուծել իրենց վեճերը խաղաղ ճանապարհով, և այդ ժամանակ, ինչպես Հայաստանը, այնպես էլ Պակիստանը, ստիպված կլինեն բացատրել իրենց օտարացման պատճառները:

Պարզ սկիզբը՝ Պակիստան-Հայաստան մշակութային ֆորումի ձևով, կարող է հարթակ ստեղծել երկու երկրների ժողովուրդների համար գոնե այս՝ 21-րդ դարում ճանաչելու միմյանց: Այս համաժողովին կարող է հաջորդել ուսանողների փոխանակման ծրագիր, որի միջոցով երկու երկրներից մարդիկ կարող են գալ և արտահայտել իրենց մտքերը որոշակի թեմաներով: Ժամանակի ընթացքում դա կարող է երկու կողմերից ներգրավել քաղաքականություն ձևավորողներին և որոշում կայացնողներին՝ երկկողմ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման վերաբերյալ պաշտոնական երկխոսություն նախաձեռնելու համար: Երկու երկրների համար միմյանց հետ զրույց սկսելն ավելի տրամաբանական կլինի չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության միջոցով, եզրափակում է հոդվածագիրը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930