Լրահոս
Օրվա լրահոսը

Աննախանձելի վիճակ

Նոյեմբեր 06,2018 10:00

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վիճակը նախանձելի չէ: Իհարկե, ամենադժվար ժամանակները սպասվում են «Իմ քայլին», որովհետեւ ընտրություններին ստանալիք 70-80 տոկոս ձայները ենթադրում են ճիշտ այդ չափի պատասխանատվություն երկրում կատարվող ցանկացած՝ մեծ թե փոքր, իրադարձության համար: Եվ քանի որ Հայաստանում ամեն ինչ անձնավորված է, ապա բացասական երեւույթների համար պատասխանատու է համարվելու գրեթե բացառապես առաջին դեմքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշում եմ, երբ 1992 թվականի գարնանը ավտոբուսի ամենատարբեր՝ հնարավոր եւ անհնարին տեղերից կախված Աջափնյակից գնում էինք կենտրոն, ուղեւորներից մեկը սրտնեղած բացականչեց՝ «վայ, Լեւոն, էս ի՞նչ ես անում ժողովրդի հետ, բա մեղք չի՞ էս ժողովուրդը»:

Հիմա էլ, ըստ ամենայնի, հասարակական գիտակցության մեջ տեկտոնական տեղաշարժեր տեղի չեն ունեցել, եւ փողոցում ինձ հանդիպած մարդիկ հարցնում են՝ «յանի Նիկոլն էս երկիրը կդզի՞»: Անիմաստ է վիճել մարդկանց հետ եւ ապացուցել, որ «էս երկիրը» դզողը կամ քանդողը Լեւոնը կամ Նիկոլը չեն, որեւէ անհատ չի, որ մենք բոլորս ենք պատասխանատու մեր (մեր, ոչ թե «էս») պետության համար:

Նշեմ նաեւ, որ ի տարբերություն Ռուսաստանի՝ Հայաստանում չի անցնում «լավ թագավոր, վատ բոյարներ» վարկածը: Մեզանում այդ բացատրությանը հակադարձվում է «բա խի՞ էր նշանակել» փաստարկը;

Նախանձելի չէ նաեւ մնացած՝ երկրորդ եւ երրորդ տեղի համար պայքարող կուսակցությունների վիճակը: Եթե նրանք փորձեն ինչ-որ հարցում ընդդիմախոսել, հակադրվել Փաշինյանին, ապա շատ հավանական է, որ նրանց անվանեն «հակահեղափոխական», «սեւ», «ռեւանշիստ», «թալանչի», «ՌՔ-ի եւ ՍՍ-ի ստրուկ» եւ այլն, ինչի հետեւանքով տվյալ կուսակցության շանսերը գրեթե կզրոյանան: Բայց եթե այս կուսակցությունները հայտարարեն, որ վերջին կես տարվա ընթացքում իրականացվող քաղաքականությունն անթերի է, եւ իրենք ոչ մի էական, գաղափարական տարաձայնություններ չունեն «Իմ քայլի» հետ, ապա այդ պարագայում ընտրողի մեջ կարող է տրամաբանական հարց առաջանալ՝ «իսկ ինչո՞ւ ես պետք է ձայնս տամ ձեզ, ոչ թե «Իմ քայլին»: Այս պարագայում ժողովրդին դուր գալու համար մնում է առավել կոշտ հռետորաբանությամբ հանդես գալ, բայց ոչ թե ներկա, այլ նախկին իշխանությունների վերաբերյալ, որովհետեւ ապագայի տեսլականը, քաղաքական կամ տնտեսական բարեփոխումները մեր ընտրողներին, որքան հասկանում եմ, չեն հետաքրքրում: Բայց դա ոչ միայն մեր՝ հայաստանյան ընտրողների առանձնահատկությունն է:

Մի փոքր առանձնահատկություն կունենա այս առումով ԲՀԿ-ն, որը Գագիկ Ծառուկյանի բիզնես-ծրագրերը կներկայացնի որպես կուսակցության ծրագրեր: Քաղաքականությունն ու բիզնեսը Հայաստանում առայժմ տարանջատված չեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արայիկ says:

    Հարգելի Խմբագրություն
    Հոդվածի մի մասը չի կարդացվում ձախակողմյան մասում տեղադրված գովազդի պատճառով և սա առաջին դեպքը չէ: Եթե Ձեզ հետաքրքրում է ընթերցողի կողմից նյութին ծանոթանալու հանգամանքը և ընթերցելու հնարավորությունն ապահովելը, խնդրում եմ ուղղեք և հետագայում բացառեք այդ տեխնիկական վրիպակը:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հարգելի Արայիկ, խնդրում եմ, ուղարկեք սքրինշոթը: Այլ համակարգիչների այդ խոտանն այլեւս չի երեւում:

  2. Ruben says:

    Քաղաքական համակարգի եւ գործիչների թավշյա «ռեինկառնացիա» (թավշյա «հեղաշրջում», թավշյա «հեղափոխություն»…) ամեն երեսուն տարին մեկ:

  3. Արայիկ says:

    Հարգելի պարոն Աբրահամյան
    Շնորհակալություն արձագանքի համար: Ձեր էլեկտրոնային փոստի միջոցով հասցեագրում եմ համապատասխան էջի սքրինշոթը: Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930