Այսօր հրապարակվել է «Տեղեկատվության և ժողովրդավարության մասին միջազգային հռչակագիրը», որը ժողովրդավարական երաշխիքներ է ստեղծում համաշխարհային տեղեկատվության և հաղորդակցական տարածքի համար: Այս մասին ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:
Փարիզում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումից 70 տարի անց, «Տեղեկատվության և ժողովրդավարության մասին միջազգային հռչակագիրը» հիմնում է հիմնական սկզբունքներ` հանուն գլոբալ տեղեկատվության և հաղորդակցական տարածման, որը հռչակագրի տեքստում սահմանվում է որպես «մարդկության ընդհանուր հօգուտ»: Այսօր հրապարակված այս վեց էջանոց փաստաթուղթը սահմանում է տեղեկատվության ազատության, անկախության, բազմակարծության և հուսալիության համար ժողովրդավարական երաշխիքներ:
Հռչակագիրը միաձայն է ընդունվել տեղեկատվության և ժողովրդավարության հանձնաժողովի անդամների կողմից, որը գլխավորում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը և Նոբելյան խաղաղության դափնեկիր Շիրին Էբադին: Սեպտեմբերի 11-ին և 12-ին Փարիզում առաջին անգամ հանդիպելուց հետո հանձնաժողովը մոտ երկու ամիս աշխատել է՝ հիմնականում հաղորդակցվելով տեսակոնֆերանսի և էլեկտրոնային փոստի միջոցով:
Հանձնաժողովը բաղկացած է 18 ազգությունների 25 հայտնի գործիչներից, այդ թվում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, նորագույն տեխնոլոգիաների մասնագետներ, իրավաբաններ, լրագրողներ և միջազգային կազմակերպությունների նախկին ղեկավարներ:
Հռչակագիրը հաստատում է լրագրության սոցիալական գործառույթը: Լրագրության դերը պետք է լինի «վստահելի երրորդ կողմ» հասարակության համար: Լրագրողների խնդիրն է հասկանալ իրականությունը և դա բացահայտել հնարավորինս լայն, խորը ձևով, ոչ միայն նկարագրելով իրադարձությունները, այլև բացատրելով բարդ իրավիճակներն ու փոփոխությունները, որոնք արտացոլում են ինչպես մարդկային գործունեության դրական և բացասական կողմերը: Անկախությունը և լրագրողական էթիկայի նկատմամբ հարգանքը գլխավոր պայմաններն են լրագրողական գործունեության համար, անկախ այն կիրառողների կարգավիճակից:
Հանձնաժողովը կոչ է անում ստեղծել միջազգային փորձագիտական խումբ, որի մանդատը և ֆինանսավորումը պետք է ապահովեն իր անկախությունը և՛ ընկերություններից, և՛ կառավարություններից:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ