Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ հիմա Հանրային հեռուստաընկերությունն ավելի անկաշկանդ է: Լրագրողները հետաքրքրվեցին կադրային փոփոխություններից եւ այն հաղորդավարներից, որոնք ազատվեցին աշխատանքից հեղափոխությունից հետո: Մարգարիտա Գրիգորյանը պատասխանեց. «Լրատվական տնօրինությունում ազատվել են աշխատանքից 4 լրագրող եւ 4 մոնտաժային աշխատող եւ, իմիջիայլոց, դեռ այդ պրոցեսը շարունակվելու է: Այո, էլի հնարավոր է: Հարց եմ տալիս ձեզ՝ ո՞ր լրատվական ծառայությունն է, որ յուրաքանչուր փոփոխություն անելուց այդ աստիճան հաշվետու է: Ի վերջո` սա ֆինանսական խնդրի մասին չէ: Դուք ուզում եք, որ գործատուն մշտապես աշխատի այն մարդկանց հետ…այսպիսի մոտեցում կա՝ 20 տարի աշխատել եմ, էլի պիտի աշխատեմ: Իսկ ներողություն, մասնավոր ո՞ր հեռուստաընկերությունն է այդքան երկար աշխատակիցներ պահում, իսկ մասնավոր ո՞ր ընկերությունն է, որ չի ուզում օպտիմիզացնի»:
Նա ասաց, որ հիմա ընդամենը մենեջմենթի փոփոխություն է եղել, 4 հոգի կրճատվել է, նրանց աշխատավարձը բաժանվել է մյուս 6 հոգու միջեւ եւ նրանք ավելի արդյունավետ են աշխատում՝ ավելի սոցիալական նորմալ պայմաններում. «Հանրայինի լրատվականում 99 տոկոսով մնացել են նույն աշխատողները, որոշ մարդիկ իրենց կամքով են գնացել, ընդ որում, մեկ-երկուսին ես իմ սենյակում խնդրել եմ, որ չգնան»:
Նա վստահեցրեց, որ այս իշխանությունների կողմից զանգեր չի ստանում, թե ինչը եթեր տան, ինչը՝ ոչ: Բայց նա նաեւ հավելեց, որ նախորդ իշխանությունների կողմից էլ անձամբ ինքը նման զանգեր չէր ստանում, միայն զանգեր են եղել՝ բացառապես պետական որեւէ միջոցառում այսպես թե այնպես նկարահանելու հետ կապված:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ է, որ Պետրոս Ղազարյանը տեղափոխվում է Հ1: Մարգարիտա Գրիգորյանը չհերքեց՝ ասելով. «Դեռ մի շարք քննարկումներ կան այն մասին, որ մենք պետք է ունենանք հարցազրույցի ֆորմատներ, Հանրային հեռուստաընկերությունն ունի մի քանի առաջարկներ, ներառյալ բոլոր այն մարդիկ, ովքեր այսօր լավ ինտերվյուերներ են: Դա իրոք ճոխություն կլինի Հանրայինի համար ավելացնել իր կադրերը պրոֆեսիոնալներով: Եթե լավ մասնագետներ են եւ քաղաքական հայացքների խնդիրներ չկան, որովհետեւ հաղորդում վարողը պետք է լինի անաչառ եւ օբյեկտիվ, անգամ բոլորը կարող են դիտարկվել, եթե չկան պրոֆեսիոնալ եւ քաղաքական հայացքների խնդիրներ: Կան մարդիկ, որոնք հստակ իրենց ուղղությունն ունեն, հետո դուք կմեղադրեք, որ նա ոչ օբյեկտիվ է»:
Հարցին՝ այսինքն, Նվեր Մնացականյանին քաղաքակա՞ն հայացքների համար են ազատել՝ նա պատասխանեց. «Ոչ, Նվեր Մնացականյանին ազատել են դեռ նախկին լրատվականի ղեկավարի ժամանակ»: Նա ասաց, որ հեռուստաընկերությունն իրավունք ունի փոփոխել մարդկանց ու որեւէ անձնական, քաղաքական խնդիր չի եղել: Պարզապես այդ հաղորդումն իրեն սպառել է, գտել են, որ անհրաժեշտ է նորը, իսկ նորի դեպքում ցանկալի է, որ լինի նոր մարդ:
Հարցին՝ չե՞ք կարծում, որ Հանրայինում էլ պետք է հեղափոխություն արվի՝ Մարգարիտա Գրիգորյանը չհամաձայնեց. «Ինչո՞ւ, դուք քանի՞ օր եք Հանրային նայել, որ դրական չեք համարում: Հանրության վստահության համար ձեզ, անպայման, պետք են գլխատված մարդի՞կ, ես կարծում եմ, որ ոչ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ