Datalex-ից տեղեկանում ենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը ներգրավված է եղել տասնյակից ավելի խոշոր ֆինանսական վեճերի մեջ: Այդ վեճերի մեծամասնությամբ կան արդեն դատավճիռներ, իսկ մի քանիսը դեռ դատաքննության փուլում են:
2007 թվականին Սիլվա Համբարձումյանը դիմել է դատարան՝ հայցով, ըստ որի 20.06.2005թ. Մուրադ Պատատյանը նոտարական կարգով վավերացված փոխառության պայմանագրով վերցրել է 2 025 000 դրամ, 13 ամիս ժամկետով՝ պարտավորվելով վերադարձնել մինչև 20.07.2006թ., սակայն պարտավորությունը չի կատարել:
Սիլվա Համբարձումյանը հայցով խնդրել է Մուրադ Պատատյանից բռնագանձել 2 025 000 դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսները 20.07.2006թ-ից մինչև պարտավորության կատարման պահը և վճարված պետական տուրքի գումարը:
Հայցվորը պնդել է, որ գումարը տալուց հետո պատասխանողին չի տեսել, Մուրադ Պատատյանն իրեն որևէ գումար չի վերադարձրել:
Մուրադ Պատատյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, քանի որ նա Հայաստանում չի եղել ու դատարանի որոշմամբ, գործը քննվել է առանց պատասխանողի:
Դատարանը վճռել է Սիլվա Համբարձումյանի՝ ընդդեմ Մուրադ Պատատյանի` 2 025 000 ՀՀ դրամի և նախապես վճարված պետական տուրքի բռնագանձման, ինչպես նաև 20.07.2006թ-ից մինչև պարտավորության կատարման պահը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսներ հաշվարկելու և բռնագանձելու պահանջների մասին հայցը բավարարել եւ Մուրադ Պատատյանից հօգուտ Սիլվա Համբարձումյանի բռնագանձել 2 025 000 ՀՀ դրամ պարտքի գումար, 40500 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումար:
Այս տարվա գարնանն էլ Աղասի Դանիելյանն է հայցադիմում ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Սիլվա Համբարձումյանի և Ալբերտ Երիցյանի՝ գումարի բռնագանձման պահանջով:
Անցած տարի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընդդեմ Սիլվա Համբարձումյանի մեկ այլ աղմկահարույց գործ է քննվել: Գազպրոմ Արմենիա ՓԲԸ-ն պահանջում էր Սիլվա Համբարձումյանից բռնագանձել 673.230 ՀՀ դրամ և նախապես վճարված 13.200 ՀՀ դրամ պետական տուրքը: Դատարանի որոշմամբ, հօգուտ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել է 660 030 դրամ:
2015-ին կրկին գումարի բռնագանձման պահանջով ու կրկին ընդդեմ Սիլվա Համբարձումյանի այս անգամ ՀՀ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունն էր հայցով դատարան մտել: Այս անգամ խոսքը վերաբերում էր 300.000 դրամի մասին: Այս դեպքում, դատարանի վճռով, գործը կարճվել է:
2011 թվականին էլ Մադլեն Թաշչյանն է ընդդեմ Սիլվա Համբարձումյանի դատարան հայց ներկայացրել: Ի դեպ, Մադլեն Թաշչյանը մանկապղծության համար դատապարտված հայտնի գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի կինն է:
Թաշչյանը հայցով խնդրել է Սիլվա Համբարձումյանից հօգուտ իրեն բռնագանձել 1 (մեկ) լումա` մամուլում վիրավորելու և զրպարտելու համար եւ հրապարակային ներողություն խնդրել: Սիլվա Համբարձումյանից գումարի բռնագանձման մասին պահանջներով տարբեր տարիների դատարան հայցեր են ներկայացրել նաեւ մի քանի բանկեր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ