Շիրակի մարզից ընտրված «Ծառուկյան դաշինքի» վարկանիշային պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ ըստ նախնական քննարկումների՝ ԲՀԿ վարկանիշային ցուցակով Գյումրիից կառաջադրեն երկու թեկնածուների՝ իրեն և Վարդան Ղուկասյանին։
Մեր հարցին՝ արդյո՞ք թավշյա հեղափոխությունից հետո ԲՀԿ-ն պահպանում է իր բարձր վարկանիշը Շիրակի մարզում, մեր զրուցակիցն ասաց․ «Գնահատականը կտա ժողովուրդը, բայց այն արժեհամակարգը, որի համար շիրակցին ձայն է տվել, այդ արժեհամակարգը չի կորել, իմ մարդկային տեսակը, դիմագիծը չի փոխվել։ Խոսքն այն մասին է, որ ես իմ էությամբ, իմ գործունեությամբ որևէ հակաժողովրդական բան չեմ արել, որ ժողովրդի վերաբերմունքը փոխվի իմ նկատմամբ։
Հիմա նոր իրողություն է, ժողովրդի կողմնորոշման հարցն է առաջ գալիս, թե ինչ մոտեցում կցուցաբերի, իհարկե, ընտրություններում դերակատարություն կունենա նաև այն ծրագիրը, որով կուսակցությունը կներկայանա հանրությանը։ Իմ գլխավորած հանձնաժողովը ևս աշխատել է բնականոն, որևէ ինտրիգ չի եղել, բազմաթիվ նախագծեր է քննարկել ու որոշումներ կայացրել»։
Հիշեցնենք, որ «Ծառուկյան դաշինքի» այս երկու պատգամավորները Շիրակի մարզի ամենաշատ ձայներ հավաքածներ են։
Առաջին հորիզոնականում Արման Սահակյան էր (ՀՀԿ)` 14399 ձայն, երկրորդում՝ Վարդևան Գրիգորյան («Ծառուկյան» դաշինք)` 13942 ձայն, երրորդ տեղում՝ Վարդան Ղուկասյանը («Ծառուկյան» դաշինք)`12433 ձայն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ