Լրահոս
Օրվա լրահոսը

Թևան Պողոսյան․ Նախընտրական ժամանակահատվածում անհրաժեշտ է քննարկել Արցախյան հիմնահարցի վերաբերյալ մոտեցումները

Նոյեմբեր 05,2018 18:22

Այսօր լրագրողների հետ զրույցում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանն ասաց, որ Հայաստանը այնպիսի ժամանակահատվածում է, երբ կարելի է քաղաքական մշակույթում նոր փոփոխություններ կատարել։

«Բոլորս բողոքում ենք, որ մնաց հին Ընտրական օրենսգիրքը, սակայն կարելի է նոր ԸՕ-ի էլեմենտները վերցնել և փորձել օգտագործել մշակութային իմաստով: Օրինակ․ Նիկոլ Փաշինյանը կարող է կոչով հանդես գալ, որ տարբեր քաղաքական ուժեր հանդիպեն միմյանց հետ և խոսեն ապագայի մասին, քննարկումներ լինեն կրթության, մշակութային և այլ ոլորտների մասին»։

Ըստ Պողոսյանի կարևոր է նաև, որ նախընտրական ժամանակահատվածում քննարկվեն Արցախյան հիմնահարցի վերաբերյալ մոտեցումները, որպեսզի ժողովուրդը հասկանա՝ ում է տալիս իր քվեն և ինչի համար։

«Այս քննարկումների միջոցով կխուսափենք այն երևույթից, որ ամեն մի միջազգային կամ որևէ հզոր երկրի չինովնիկի այցելությունից հետո սկսվում են մեկշաբաթյա քննարկումները, թե ինչ լուծում կստանա արցախյան հարցը»։

Պողոսյանի համոզմամբ պետք է կոչով դիմել բոլոր քաղաքական ուժերին, որ այցելեն Արցախ և քննարկումներ ծավալեն։

«Այսօրվա դրությամբ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Արցախում և քննարկումներ է ծավալում, ինչը շատ լավ է։ Իսկ ինչու՞ չտեսնենք, որ մյուս կուսակցություններն էլ են այցելում Արցախ, քննարկում ինչ-ինչ հարցեր և այստեղ են գալու գիտակցված ու փորձված քննարկումներ վարելու»։

Թևան Պողոսյանը առաջնային համարեց քաղաքացիների գիտակցության մակարդակի բարձրացումը և այն, որ նրանք իմանան, թե որ քաղաքական ուժը ինչ քաղաքական մշակույթի կողմնակից է։

Պողոսյանի խոսքով, ընդդիմադիր կուսակցությունները պետք է հստակ իմանան, թե ինչի համար են ընդդիմադիր և իշխանության որ որոշումների հետ համամիտ չեն։

«Պետք հասկանալ, թե ինչին ես ընդդիմանում։ Եթե ընդդիմադիր կուսակցությունը չի ասում, թե ինչ խնդիրների համար է ընդդիմադիր, ես հանգիստ կարող եմ մտածել, որ ուղղակի «քեն պահելու համար» է իրեն ընդդիմադիր կոչում»,- ասաց Պողոսյանը։

Aravot.am-ի այն հարցին, թե որքանո՞վ է ճիշտ համարում ընտրություններն այս ժամանակահատվածում անցկացնելու որոշումը, և թե արդյոք համակարծի՞ք է Դանիել Իոանիսյանի հետ, որ նոր ԸՕ-ի տապալման պատճառներից մեկն էլ հենց այն էր, որ իշխանությունները անակնկալ ձևով որոշեցին դեկտեմբերին անցկացնել խորհրդարանական ընտրությունները, Թևան Պողոսյանը պատասխանեց․

«Ինձ համար ընտրությունների անցկացման ժամկետը փաստագրական երևույթ է, քանի որ ամեն ինչ համաձայնեցված է օրենքով։ Կարծում եմ, որ կար ընդհանուր գաղափարի շտապողականություն, քանի որ այլ պարագայում կարելի էր օրենքի համար մինչև վերջ պայքարել։ Նույնիսկ ասում էին օրենքի նախագիծը պատրաստ էր սեպտեմբերին, բա ինչու՞ սեպտեմբերին չի բերվել ԱԺ։ Ընդհանուր գաղափարը շտապողականության, որևէ բանից ելնելով, ձևավորել են այսօրվա խնդիրները։

Ես հունիսին դեռ ասում էր, որ Հայաստանին անհրաժեշտ է քաղաքական կոնսեսուսի բանակցային սենյակը, որտեղ բոլոր քաղաքական ուժերը պետք է միասին քննարկեն, փոխզիջեն, չզիջեն, հաղթեն, պարտվեն, բայց այնտեղից դուրս գալուց հետո հստակ ասեն, թե որ օրն են լինելու ընտրությունները և ինչ են պատրաստվում անել»,-ասաց Պողոսյանը։

Ըստ նրա՝ ամեն ինչ անցնելուց հետո փաստերն արձանագրելը ամենաանհետաքրքիր բանն է և պետք է նայել դեպի ապագան, հասկանալ՝ ինչ պետք է անենք, որ հին սխալները չկրկնվեն։

Սոնա ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930