Լրահոս
Օրվա լրահոսը

Կիսատ-պռատ ֆիլմերի փոխարեն ֆինանսավորվելու են քիչ, բայց որակյալ ֆիլմեր. Մակունցը՝ «Հայֆիլմի» եւ հայկական կինոյի խնդիրների մասին

Նոյեմբեր 05,2018 18:30

ԱԺ-ում 2019-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հարցրեց՝ ՀՀ անկախությունից ի վեր Հայաստանում երեւի չի նկարահանվել մի ֆիլմ, որն իրենից ներկայացնի մշակութային այնպիսի արվեստ, ինչպիսին մենք ունեցել ենք Սովետական միության ժամանակներում, չե՞ք կարծում, որ այստեղ խնդիր ունենք: Նա ասաց՝ կինեմատոգրաֆիայի համար 824 մլն դրամ է նախատեսվել, այս թիվը վերջին տարիներին գրեթե նույնն է, չի փոխվում, բայց մենք երբեւէ չենք ունեցել անկախությունից ի վեր մշակութային արժեք ներկայացնող ֆիլմ, շարունակելո՞ւ ենք այդպես, թե՞ ինչ-որ բան  փոխվելու է:

Մակունցը պատասխանեց. «Բյուջեի առումով փոփոխություն չկա, բայց լինելու է մոտեցման փոփոխություն: Պետությունը պետք է նույնպես իր ներդրումն ունենա, խոսքը կոմերցիոն ֆիլմերի մասին չէ, այլ՝ մշակութային արժեք ներկայացնող  ֆիլմերի: Մենք որոշում ենք կայացրել կրճատել այն ֆիլմերի թիվը, որոնց համար տարվա կտրվածքով պետք է բյուջե  հատկացվեր: Եթե նախկինում, 15-20 ֆիլմերի փոքր-փոքր ինչ-որ հատվածների համար գումարներ էին տրվում, որը որեւէ հարց չէր լուծում ու խնդիրներ էր ավելացնում, մենք այս պահին էլ խնդիրների առաջ ենք կանգնած այդ հատկացումների պատճառով որովհետեւ մարդիկ չեն կարողանում այդ փոքր բյուջեի սահմաններում նկարահանել իրենց ֆիլմերը եւ խնդիր են ունենում  շարունակել եւ ավարտին հասցնել, արդյունքում մենք ունենում ենք տարիներ շարունակ չնկարահանված ֆիլմեր, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արժեքը, որն ունեցել են 6 տարի առաջ, երբ որոշել են նկարահանել, բովանդակային փոփոխության անհրաժեշտություն է առաջանում: Դրա համար մենք որոշել ենք, որ ֆիլմերի գումար հատկացնելը պայմանավորված է լինելու միայն որակական չափանիշներով:  Եթե որոշում է կայացվում, որ, օրինակ, կա 3 ֆիլմ, այդ գումարը պետք է հատկացվի 3 ֆիլմի, ոչ թե 10-15 կիսատ ֆիլմեր ունենանք»:

Լիլիթ Մակունցն ասաց, որ ՌԴ-ի մշակույթի նախարարության հետ համատեղ հայ-ռուսական ֆիլմի ֆոնդ են ստեղծելու, որը հնարավորություն կտա համատեղ ֆիլմեր նկարահանել եւ սպառել այդ ֆիլմերը շուկաներում:

Նա ասաց, որ օրենսդրական փոփոխություններ են անելու եւ միջազգային գործընկերներին հնարավորություն տալ ՀՀ-ում ֆիլմեր նկարահանել եւ ներգրավել նաեւ հայկական կողմին:

Հրաչյա Հակոբյանը նաեւ հորդորեց՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի ճակատագրի հետ կապված մի բան մտածեք: Մակունցը պատասխանեց, որ «Հայֆիլմը» պետգույքի կոմիտեի տիրույթում է. «Բանակցությունները այս պահին որեւէ շոշափելի արդյունքի չեն հանգեցրել»: Նա ասաց, որ քննարկում են, որ միգուցե նորից մշակույթի նախարարության տիրույթ տեղափոխեն «Հայֆիլմը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930