Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է ջախջախել անգիր անելու ինստիտուտը. աշակերտի հիմնական առաքելությունը դպրոցում պետք է լինի ոչ թե հիշելը, այլ մտածելն ու վերլուծելը». Արայիկ Հարությունյան

Նոյեմբեր 05,2018 18:08

2019-ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց իր ոլորտի հատկացումներն ու նախատեսված ծախսերը:

Արայիկ Հարությունյանն ասաց, որ առաջին բանը, որն արձանագրել է՝ գալով նախարարություն, այն է, որ եթե արդյունավետ ծախսվեն գումարները, արդյունք կլինի: Նա ասաց, որ հիմա վերաբաշխումներ են անում ծրագրային հատկացումների ու բավականին հետաքրքիր նոր ծրագրեր իրականացնում դրա հաշվին:

Հարությունյանը նշեց, որ բնագիտական ոլորտից հոսք կա դեպի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտ ու պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի բնագիտական ոլորտը նույնպես գրավիչ դարձնեն, այլապես անդառնալի կորուստներ կարող ենք ունենալ. «Ամեն երկրորդ հարցը, որ աշակերտի ծնողներն ինձ տալիս են, հետեւյալն է՝ բա ե՞րբ ենք անցնելու 10-ամյա կրթության»: Նա ասաց, որ դա դրանից է, որ բովանդակություն չի հաղորդվել ավագ դպրոցին: Պետք է ավագ դպրոցով վերացնել ընդունելության քննությունների ինստիտուտը եւ վերացնել կախվածությունը կրկնուսույցներից, շտեմարաններից, ջախջախել անգիր անելու ինստիտուտը. «Աշակերտի հիմնական առաքելությունը դպրոցում պետք է լինի ոչ թե հիշելը, այլ մտածելն ու վերլուծելը: Մեզ կհաջողվի չափորոշիչներ մշակելիս հասնել այդ արդյունքին»:

Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ մտադիր են բուհերի որոշ առարկայացանկ բերել ավագ դպրոց, իսկ բուհերում ավելի շատ տեղ տալ մասնագիտական առարկաներին: Օրինակ, իրավագիտությունը յուրաքանչուր ֆակուլտետում դասավանդում են, այն տեղ է զբաղեցնում՝ եւս մեկ մասնագիտական առարկայի փոխարեն. «Եթե իրավագիտությունը բերենք ավագ դպրոց, զգալի տեղ կազատենք մասնագիտական առարկաների համար»:

Խոսելով դասագրքերի մասին՝ նա ասաց. «Այնքան խառը համակարգ է, որը ե՛ւ կոռուպցիոն ռիսկերի տեղ է տալիս, ե՛ւ արդյունավետության խնդիր կա, մենք անընդհատ լսում ենք, որ այս դասագրքում այսինչ պրոբլեմը կա, այս սխալը կա, անընդհատ այդ նույն գրքերը այն նույն սխալներով տպագրում ենք: Հիմա հանրային քննարկումներ են լինելու, որ աղաղակող խնդիրները, որոնք կան դասագրքերում, վերացվեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930