ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վաղարշապատի համայնքապետարանում և դրա ենթակայությամբ գործող կազմակերպություններում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ։
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ մի շարք խախտումներ են արձանագրվել Վաղարշապատի տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում։
Մասնավորապես՝ պարզվել է, որ Վաղարշապատի (Էջմիածնի) համայնքապետարանում 2015-2018թթ. ընթացքում գնումների գործընթացն իրականացվել է ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտումներով, ինչի արդյունքում գործարքներ են կնքվել նախկին քաղաքապետին փոխկապակցված որոշ ընկերությունների հետ և պայմանագրերի սկզբնական արժեքները, մի շարք դեպքերում առանց համապատասխան հիմնավորումների, ավելացվել են 20 տոկոսով՝ համայնքապետարանին պատճառելով էական վնաս:
Խախտումներ են արձանագրվել նաև հողի աճուրդային կարգով օտարումների գործընթացում։ ՊՎԾ-ի կողմից փաստաթղթերի ընտրանքային ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ աճուրդներին մասնակցելու հայտ են ներկայացրել միայն երկու մասնակից, աճուրդը կայացված է համարվել աճուրդային երկու քայլից հետո, իսկ մեկնարկային գինը սահմանվել է հողի կադաստրային արժեքից մի քանի անգամ պակաս։ Արդյունքում՝ հողերը վաճառվել են դրանց կադաստրային արժեքի 50%-ից պակաս արժեքով՝ էական վնաս պատճառելով համայնքապետարանին:
Համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից 2013-2018թթ. պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել՝ համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվությունների և այդ գործունեության համար նախատեսված տուրքերը գանձելու ուղղությամբ:
Բացի այդ, չարաշահումներ են ի հայտ եկել նաև համայնքապետարանին և ենթակա հիմնարկներին պատկանող տրանսպորտային միջոցների համար հատկացվող գազի տնօրինման գործընթացում. ընտրանքային կարգով չափագրման արդյունքում պարզվել է, որ գազի ծավալի ծախսի գերագնահատումից համայնքի կրած վնասը կազմել է մոտ 71.864.000 ՀՀ դրամ, իսկ գնի գերագնահատումից՝ շուրջ 13.542.000 ՀՀ դրամ:
Խախտումներ են արձանագրվել նաև թիվ 2 երաժշտական դպրոցի շինարարական աշխատանքներում. տեղազննության արդյունքներով պարզվել է, որ կատարողական ակտերով ներկայացված աշխատանքների համեմատ առկա են էական անհամապատասխանություններ և այս դեպքում ևս առանց հիմնավորման պայմանագրային արժեքն ավելացվել է 20 տոկոսով:
Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ համայնքապետարանը պատշաճ միջոցներ չի ձեռնարկել նաև՝ ապօրինի շինարարությունը կասեցնելու, (հայտնաբերվել է նման 5 դեպք), անհրաժեշտության դեպքում վարչական տույժ նշանակելու ուղղությամբ:
Բացի այդ, համայնքապետարանին ենթակա «Բարեկարգում» ԲՀ-ում, «Բնակ-Կոմունալ» ԲՀ-ում տարբեր հաստիքներում 2015-2018թթ. ընթացքում գրանցվել են տարբեր անձինք, ովքեր փաստացի աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անունով հաշվարկվել և վճարվել է աշխատավարձ:
Արձանագրված խախտումների հետևանքով համայնքապետարանին պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, ընդհանուր առմամբ կազմում է 590 մլն. ՀՀ դրամ։
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են Վաղարշապատի համայնքապետարանի առանձին պաշտոնատար անձանց կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով պետության շահերին էական վնաս պատճառելու, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու ուղղությամբ միջոցներ դիտավորությամբ չձեռնարկելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման և յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու վերաբերյալ հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 315.2-րդ հոդվածով։
Մշակվել է քննչական պլան և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին