Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին այսօր ԱԺ-ում լրագրողները հարցրեցին՝ բոլոր ժամանակներում ընդդիմությունը դժգոհում է Հանրայինի լրատվականից, ինչո՞ւ է այդպես: Նա պատասխանեց. «Դուք պետք է բոլոր ժամանակների ընդդիմությանը հարցնեք, ոչ թե ինձ»:
Նա ասաց, որ Հանրային հեռուստաընկերությունը, ինչպես աշխարհում շատ հանրային հեռուստաընկերություններ ներկայացնում են այդ օրվա իշխանության որդեգրած քաղաքականությունը. «Եթե դիվանագիտական կորպուսին հարցնեք՝ Հանրային հեռուստաընկերությունը պետական պաշտոնական հաղորդագրության կրողն է ու զուտ պարտավորություն ունի տվյալ ժամանակահատվածի իշխանության ուղղությունը ներկայացնելու: Այլ խնդիր է, որ մենք այսօր ունենք փոփոխություն: Փոփոխությունն այն է, որ հիմա Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տեխնիկական տնօրինությունն ու Հանրայինի տնօրինությունը առանձին չէ, մեկն է: Մենեջմենթի առումով Հանրայինի լրատվականը բարելավվել է եւ առաջին անգամ ավելի հստակ ու խիստ պայմաններում աշխատում է Հանրային հեռուստաընկերության տնօրենի եւ մյուս տնօրենների հետ զուգահեռ»:
Մարգարիտա Գրիգորյանն ասաց, որ այսօր ինքը կարող է կատարել լրատվականում կադրային փոփոխություն, առաջ չուներ. «Ես այսօր ավելի շատ մասնակցություն կարող եմ ունենալ: Ունեմ, թե չունեմ՝ մեկ այլ հարց է»: Նա ասաց, որ շատ աշխատանք ունի եւ չի հասցնում այսպես ասած միջամտել ամեն հարցով, հենվում է լրատվական ծառայության ղեկավարի վրա:
Լրագրողները փոխանցեցին ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանի բողոքը՝ Հանրայինից, որ ընդդիմությանը հյուր չեն կանչում: Մարգարիտա Գրիգորյանը վստահեցրեց, որ օրերով խնդրում են, որ հյուր կանչեն ընդդիմությունից՝ չեն գալիս: Նա ասաց, որ ինչպես առաջ Արմեն Աշոտյանի հաղորդումն էր, հիմա Արմեն Դուլյանի հաղորդումը կա եթերում, բայց պարոն Աշոտյանը երբեք ցանկություն չի հայտնում գալ այդ հաղորդմանը՝ «Խաղի կանոններում», որ բանավեճի ձեւաչափ ունի. «Ես գիտեմ, որ ցանկություն է հայտնել հարցազրույցի ֆորմատում լինել»: Մարգարիտա Գրիգորյանն ասաց, որ հարցազրույցի ձեւաչափով մեկ հաղորդում ունեն ու առաջնահերթություններ ունեին, շուտով կունենան ամենօրյա ռեժիմով երկրորդ նման ձեւաչափով հաղորդումը եւ պարոն Աշոտյանին հյուր կկանչեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ