«Դուք պետք է փոխեք Սահմանադրությունը»,-այս կարծիքը հայտնեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ Երեւանի մամուլի ակումբի նոյեմբերի 2-4-ը կազմակերպած «ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակությունը Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններում» թեմայով սեմինարի ժամանակ:
Սվիտալսկու խոսքերով՝ չնայած որ ե՛ւ ինքը, ե՛ւ Բրյուսելը կիսապաշտոնապես սատարում էին ՀՀ կառավարությանը՝ խորհրդարանական կառավարման անցման որոշումը. «Մենք կարծում էինք, որ Հայաստանի համար խորհրդարանական կառավարումն ավելի լավ է: Բայց հիմա ես կարծում եմ, ձեր Սահմանադրությունը մեկ անձի համար էր պատրաստած»:
ԵՄ դեսպանի կարծիքով՝ ՀՀ Սահմանադրությամբ իշխանությունը կենտրոնացված է, «Սահմանադրությունը մեծ լծակներ է տալիս վարչապետին, նախագահը՝ հարսանիքի գեներալ է»:
Սվիտալսկին անդրադառնալով Սահմանադրության մյուս խնդիրներին, նաեւ առանձնացրեց ուժայինների նկատմամբ վերահսկողությունը. «Հայաստանում չկա անգամ ներքին գործերի նախարարություն: Աշխարհում կան նման երկրներ, բայց դրանք քիչ են եւ հիմնականում դիկտատորական են»:
Ըստ դեսպանի, այս Սահմանադրությունը հայկական սփյուռքին որեւէ իրավունք չի տալիս. «Բարդ հարց է որովհետեւ իր մասշտաբով այն կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա: Օրինակ՝ հույները վախենում էին, որ ԱՄՆ-ի հույները ազդեցություն կունենան ընտրությունների վրա: Բայց նրանք որոշեցին, որ ընտրություններին կարող են մասնակցել միայն Եվրոպայում ապրող հույները»:
Սվիտալսկին նաեւ ասաց.«Նոր Հայաստանի իրողություններից ելնելով պետք է վերանայել Սահմանադրությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում
Բացի այս, Սվիտալսկին այն կարծիքին է, որ Հայաստանի իշխանություններին հարկավոր է ստեղծել քաղաքական կառավարման նոր համակարգ. «Իմ խնդիրը ներկայիս Հայաստանի հետ՝ չափազանց շատ բան կա Սովետից: Կառավարման համակարգր Սովետից է: Սա անմիջապես հասկացավ նաեւ Կարեն Կարապետյանը: Նա հասկացավ՝ հնարավոր չէ այսպես կառավարել, որովհետեւ մեկ շաբաթում 50 որոշում պետք է ընդունվի: Որոշումների կայացման այս գործընթացը էֆեկտիվ չէ: Կարապետյանի հետ քննարկել ենք, պետք է սկսեր կառավարման համակարգը փոխել, նրանք պատրաստվում էին, բայց 2016-ի նոյեմբերից դադարեցրին, պարզ է՝ ինչու:
Կարծում եմ նոր կառավարությունն ու Փաշինյանը հասկանում են, որ պետք է փոխել կառավարման համակարգը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
այս ալ անհասկնալի է… սփիւռքահայերի քուէարկութեան իրաւունքի կապակցութեամբ, ի՞նչ է տարբերութիւնը այդ իր բերած օրինակին, յոյներուն հետ… անոնք ալ ուրեմն փաստօրէն քուէարկելու իրաւունքը վերապահած են միայն երկրում ապրող, մնայուն բնակութիւն հաստատած յոյներուն… բայց այդպէս է արդէն Հայաստանի պարագային եւս… սփիւռքի ոեւէ հայի համար, շատ հեշտ է Հայաստանի քաղաքացիութիւն ստանալ… եւ այդ քաղաքացիութեամբ, մէյ մը որ Հայաստան հաստատէ իր բնակութիւնը, ուզածին չափ կը քուէարկէ… ո՞ւր է խնդիրը… եթէ ոչ, հարցը բնաւ բարդ չէ, այլ շատ պարզ է՝ դուրսը ապրող, մազմամիլիոն՝ հայ ծագումով օտարերկրացիների ձեռքը կ’անցնի երկրին ճակատագիրը… գոնէ հիմա միայն Թանկեան մը կամ պատահական Խանճեան մըն է որ կը խառնուին ձեր ներքին գործերուն, պատկերացուցէք եթէ համայն Սփիւռքն ալ մասսայապէս միջամուխ ըլլայ Հայաստանի քաղաքականութեան կեանքին… ներքին եւ արտաքին…