Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզանում դա չորակվեց ահաբեկչություն, մինչդեռ այլ երկրներում հենց այդպես էլ կորակվեր». Ռ. Մելիքյանը՝ «Սասնա ծռերի» մասին

Նոյեմբեր 05,2018 17:07

«Համաներումը, որպես երեւույթ, քաղաքական ակտ է, իսկ այս համաներումը՝ առավել եւս, քանի որ կոնկրետ լուծումներ էր առաջադրում կոնկրետ հարցերի վերաբերյալ»,-«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով աննախադեպ որակվող համաներման փաստաթղթին, ասաց Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նա համաներման մասին քաղաքական գնահատականներ չհնչեցրեց, բայց նշեց, որ պարտադիր պետք է հաշվի առնվեն տուժողների շահերը. «Նրանց պատճառված վնասը պետք է հատուցվի, հետո՝ համաներման հարց բարձրացվի»:

Ինչ վերաբերում է «Սասնա ծռերին» համաներելուն (բացառությամբ սպանության հոդվածով անցնող Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի), Ռուբեն Մելիքյանը նախ նշեց. «Նրանց գործողությունները մեզանում չորակվեցին ահաբեկչություն, բայց եթե այլ երկրների փորձը դիտարկենք, հենց այդպես էլ կորակվեր: Շատերը գտնում են, որ սրանում վատ ուղերձ կա. խնդիրն այն է, որ նման գործողությունը անընդունելի չի համարվում, եւ որեւէ մեկը 1 կամ 10 տարի հետո կարող է նույն փաստարկները բերել, ասել, որ դիմադրության իրավունք ունի ու այդ իրավունքն իրականացնի մեկ այլ պետական կառույց վերցնելու ճանապարհով: Սա իրավական մշակույթին հակասող երեւույթ է եւ խոտան»:

Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ ապստամբության իրավունքը, որի մասին բարձրաձայնում է «Սասնա ծռեր» խմբավորումը, իրավական մշակույթին հակասող կոնցեպցիա է. «Պետք է ձեռնպահ մնալ ապստամբության իրավունքը որպես մարդու հիմնարար իրավունք դիտարկելուց: Խոսքը ոչ թե ազգային-ազատագրական պայքարի, այլ ներքաղհասարակական հարաբերությունների մասին է: Շատ երկրներ են այս կոնցեպցիայի ձեռքը կրակն ընկել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930