Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով՝ Արաբկիր, Դավիթաշեն եւ Աջափնյակ համայնքներում:
Նա ասաց, որ իրենց շեշտադրումն այն է, որ ունենանք լավ կառավարություն ու որակյալ ԱԺ:
Նա ասաց, որ ՔՊ-ի հիմնադրման օրվանից այդ կուսակցության ակունքներում է, բայց իր աշխատանքի բնույթից ելնելով՝ չի անդամակցել, իսկ երբ դարձել է մշակույթի նախարար, անդամակցության հայտ է ներկայացրել ու դարձել ՔՊ անդամ:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ դուք առաջադրվում եք, ինչո՞ւ պետք է մարդիկ ձեզ ընտրեն, ձայն տան՝ նա պատասխանեց. «Որովհետեւ այս ընթացքում հնարավորություն եմ ունեցել շատ կարճ ժամանակահատվածում, իհարկե, մշակույթի նախարարությունում ինձ հետ աշխատող աշխատակիցների շնորհիվ խնդիրներ, որոնք 30 տարի չեն լուծվել, լուծում են ստացել: Եվ դա եղել է միայն մի բանի շնորհիվ, որ եղել է քաղաքական կամք: Քաղաքական կամքով հնարավոր է սկզբունքորեն երկար տարիների անհաղթահարելի թվացող խնդիրները լուծել»: Հարցին՝ որո՞նք են այդ խնդիրները, նա նշեց. «Մասնավորապես, երկրագիտական թանգարանի հարցը»:
Մակունցն ասաց, որ իրենց նախարարության աշխատակիցների հետ ՔՊ-ի ցուցակ մտնել-չմտնելու, կուսակցությանն անդամագրվելու հարց չի քննարկվել ու որեւէ պարտադրանք չկա նրանց: Թե որն է պատճառը, որ այսպես հազարներով հերթ են կանգնել՝ ՔՊ-ին անդամակցելու համար՝ Մակունցը պատասխանեց, որ հավանաբար պատճառը Երեւանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի արձանագրված քվեներն են. «Անդամագրման եւ հայտեր ընդունելու հետ կապված հիմա դադարի փուլում են եւ որքանով ես տեղյակ եմ, նոր անդամներ չեն անդամագրում: ՔՊ-ի վարչությունը որոշակի մարտավարություն է սահմանել եւ այս փուլում նպատակահարմար չեն համարում, կամ գոնե հետաձգում են, որովհետեւ աշխատանք պետք է կատարեն»:
Հարցին՝ կարո՞ղ է տարիներ հետո ՔՊ-ում էլ այնպիսի անդամներ լինեն, որ վարկաբեկեն ձեր կուսակցությունը՝ Մակունցը պատասխանեց, որ հենց այդ մտավախությունից ելնելով էլ չեն շտապում ՔՊ-ում անդամակցության հարցում որոշում կայացնել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ