2019-ի բյուջեի նախագծի քննարկումներն այսօր շարունակվում են:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց հատկացումներն ու ծախսերը: Նախորդ տարվա համեմատ 8,8 մլրդ-ով՝ 6,8 տոկոսով կրթության եւ գիտության հատկացումներն ավելացել են:
Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ մի շարք նոր ծրագրեր են սկսել տարբեր ոլորտներում, որոնք հաջորդ տարի իրենց արդյունքը կարող են տալ: Հանրակրթության ծրագրին հատկացվել է 4.3 մլրդ դրամով ավելի գումար, որոնք միջնակարգ մասնագիտական հանրակրթության ենթածրագրի իրականացմանն են ուղղվելու եւ այլ ծրագրերի:
Կառավարության եւ տարբեր գերատեսչությունների հետ քննարկվել են նաեւ դպրոցաշինության խնդիրները եւ մեծ գումարներ են հատկացվելու. «Վերջին 6 ամիսներին անընդհատ հարցեր են հնչում ծրագրերի եւ չափորոշիչների փոփոխության վերաբերյալ: Հանրությունը արագ արդյունքներ է ակնկալում, բայց յուրաքանչյուր փորձագետ էլ կարող է ասել, որ գոնե ծրագրերի մշակման եւ նոր դասագրքերի ներմուծման համար ամենաքիչը 1.5-2 տարի է անհրաժեշտ, որ սկսեն դրանք աշխատել:
Արայիկ Հարությունյանն ասաց, որ Գերմանիայում զարմացել են, երբ իմացել են, որ ՀՀ-ի պես փոքր երկրում ավելի քան 60 բուհ կա:
Հարությունյանն ասաց, որ միջին մասնագիտական ոլորտում որակավորումների պահանջ կա, բայց չեն կարողանում ապահովել բավարար որակ. «Միջին մասնագիտական ոլորտում կա ծախսերի անարդյունավետության եւ օպտիմալացման անհրաժեշտություն»:
Գիտության ոլորտին անդրադառնալով՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ օպտիմալացման մասին խոսել են արդեն. «Իրականում պետք է հասկանանք, թե գիտական եւ գիտահետազոտական ինչպիսի ռեսուրսներ ունենք ՀՀ-ում եւ արդյո՞ք օպտիմալ կերպով ենք այդ ռեսուրսներն օգտագործում: Չեմ կարծում, որ որոշումները կոմֆորտային լինեն, բայց պետք է առավելագույնն անենք, որ ոլորտում օպտիմալացում լինի եւ արդյունավետությունը բարձրանա: Վարչապետն էլ է հայտարարել, որ այս բյուջեն, ըստ էության, իներցիոն է եւ փոփոխություններ կլինեն՝ կապված նրանից, թե մենք ինչ ծրագրեր կիրականացնենք, իսկ ծրագրերը տարբեր են»: Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ ներկայումս քննարկվում է ավարտական քննությունները կենտրոնացված անցկացնելու հարցը:
Հարությունյանը նշեց, որ պետք է բեռնաթափել ծրագրերը, օրինակ, դպրոցում այնպիսի տպավորություն է, որ ամեն ինչ անում են, որ երեխան դպրոց չուզենա գնալ:
Տիգրան Ուրիխանյանը հարցրեց՝ ուսուցիչների, դասախոսների, մանկավարժների աշխատավարձերը կբարձրանա՞ն, թե՞ ոչ:
Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Եկամտահարկի նվազեցման հետ կապված աշխատավարձերի որոշակի բարձրացում կլինի, բայց առանձին ուսուցիչների եւ գիտնականների գծով բարձրացում չունենք: Հույս ունեմ, որ օպտիմալացումների ճանապարհին…. ընդ որում, կառուցվածքային փոփոխություններ են լինելու նաեւ նախարարությունում: Նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ այստեղ էլ օպտիմալացման տեղ կա եւ արդյունավետության բարձրացման տեղ ունենք: Վերջերս ինձ այցելել են 4 ուսուցիչ, որոնք միեւնույն դպրոցում դասավանդում են տեխնոլոգիա առարկան: Մեկը ուներ շաբաթական 4 ժամ, մեկը՝ 5 ժամ, մյուսը՝ 6 ժամ, մյուսը՝ 7 ժամ: Նրանք բողոքում էին, որ տնօրենն ուզում է դրույքները միավորել, որից արդյունավետությունն իրականում կբարձրանա: Այս 4, 5, 6 ժամի համար իրականում ուսուցիչները չնչին աշխատավարձեր են ստանում: ԿԳՆ-ն պետք է դադարի սոցիալական ծրագրեր լուծող նախարարություն լինի, այլ պետք է լինի կրթության քաղաքականություն վարող նախարարություն: Նախկինում այդ սոցիալական հարցը լուծելը շատ անարդյունավետ է եղել: Ես վստահ եմ, երբ ուսուցիչը 4 ժամ է դասավանդում եւ 10 հազար դրամ է վաստակում, նրա արդյունավետությունն էլ է ընկնում ու նա սոցիալական հարց չի լուծում այդ 10 հազար դրամով»:
Նա ասաց, որ քննարկում են, որ վերապատրաստումներ լինեն եւ այդ ուսուցիչները այլ զբաղվածություն ունենան: Օրինակ, Գերմանիայում մի մեխանիզմ կա, որը թույլ է տալիս բացի այն առարկայից, որ ուսուցիչները դասավանդել են, կարողանան այլ առարկաներ էլ դասավանդեն. «Թափուր տեղերի հետ կապված մենք խնդիր ունենք, բայց Գերմանիա այցից հետո մի քիչ հանգիստ եմ եկել, նույն խնդիրը կա նաեւ Գերմանիայում, կենտրոնից կտրված տեղերում թափուր աշխատատեղերի խնդիր կա, նրանք դա փորձում են հեռավար ուսուցմամբ լրացնել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ