Այսօր Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում պատասխանեց հարցին՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հանրության մի շերտի մոտ պաշտամունք կա եւ դա երբեմն գալիս է կրթական ոլորտ, մասնավորապես, հիմա դպրոցներ կան, որտեղ երեխաներին հորդորում են կարդալ Նիկոլ Փաշինյանի «Չար տնակը» հեքիաթը: Նա հորդորեց դպրոցի համարն ասել ու պատասխանեց, որ «Չար տնակը» չի կարդացել, դրա գրական արժեքը չի կարող գնահատել, բայց ինքն անձամբ այդ ուղղությամբ լուրջ աշխատանք է տանում. «Երբ դպրոցներում տեսնում էի հեղափոխության հետ կապված որոշ ատրիբուտներ, տնօրենների մոտ մեծ զարմանք էր առաջացնում, երբ ասում էի, որ սա պետք է արգելվի ու չպետք է լինի դպրոցներում: Ես այս պահին նման օրինակ չունեմ»:
Մենք հետաքրքրվեցինք՝ Լյուբիկ Չիբուխչյանի՝ Նիկոլ Փաշինյանին նվիրված «Իջեւան մոլորակից իջած փրկիչը» գրքի մասին ի՞նչ կասեք՝ նա պատասխանեց, որ ծանոթ չէ եւ դա էլ չի կարդացել:
Արայիկ Հարությունյանը, խոսելով իր ոլորտում օպտիմալացման մասին՝ ասաց. «նախարարություններին զուգահեռ կան կառույցներ, որոնք կրկնում են այն գործարքները, որոնք իրականացնում են նախարարությունները: Դրանք հիմնադրամներ են, ՊՈԱԿ-ներ, ԾԻԳ-եր: Մենք ուսումնասիրում ենք հիմա այն բոլոր կառույցները, որոնք զուգահեռ գործում են եւ մաքսիմալ օպտիմալացնելու ենք եւ բերելու ենք նրան, որ այդ գործարքները սկսելու են իրականացնել նախարարությունները: Մենք լրացուցիչ գումարներ չենք տրամադրելու հիմնադրամներին: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ յուրաքանչյուր պաշտոնյայի խնամու բարեկամի համար մի հիմնադրամ են ստեղծել»:
Բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Արայիկ Հարությունյանը խոսեց փողով ատեստատ տալու նախկին արատավոր պրակտիկայի մասին ու ասաց, որ մի քանի քրգործեր են հարուցվել դրա համար: Մենք հետաքրքրվեցինք, թե կոնկրետ ի՞նչ գործարքների մասին է խոսքը: Նա պատասխանեց. «Ոչ միայն քոլեջներ են, այլեւ դպրոցներ կան: Ես անձամբ գնացել եւ արձանագրել եմ, որ կար աշակերտուհի, որը քննություններ էր ստանում, բայց ինքը ամիսներ շարունակ ապրում էր Ֆրանսիայում: Մի շարք քոլեջների առումով էլ կան նման գործեր: Ինձ վերջերս տեղեկացրեցին, որ ուսումնական հաստատությունների մասով 5 տասնյակից ավելի քրեական գործեր կան: Այսօրինակ գործեր են, մարդիկ կարծել են, որ իրենք անպատիժ են եւ որեւէ փոփոխություն ՀՀ-ում չի լինելու, իրենք ցմահ մնալու են իրենց պաշտոններին եւ արել են այն, ինչ ցանկացել են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«ատրիբուտներ»… «օպտիմալացում»… «մաքսիմալ»… «ատեստատ»… «պրակտիկա»… «կոնկրետ»…
Հայաստանի Կրթութեան նախարարը այսպիսի մաքուր հայերէն է խօսում, ուրեմն… պարզ է…
«օպտիմալացում»՝ լացի, արտասուքի հետ կապ ունի՞ արդեօք…