Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը մտահոգիչ է համարում այն փաստը, որ ՀՀ նոր իշխանությունները Սահմանադրությանը վերաբերվում են, իր բնորոշմամբ, որպես «օգտագործման ուղեցույցի»: «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը Մելիքյանը նշեց, որ նկատի ունի ԱԺ ընտրությունների նախապատրաստական գործընթացը, երբ ըստ գործող օրենքի՝ երկու անգամ պետք է վարչապետ առաջադրել եւ չընտրել, որպեսզի ԱԺ-ն արձակվի: «Այդպես ճիշտ չէ: Սահմանադրությունը խորքային բովանդակության փաստաթուղթ է, չենք կարող նրան «մենյու»-ով նայել: Քաղաքական իշխանությունը երկու անգամ գնաց Սահմանադրության տեխնիկական մեկնաբանման ճանապարհով: Դա մտավախություն է առաջացնում, որ այլ կարեւոր՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցերում, իշխանությունը կարող է նույն մեթոդաբանությամբ մեկնաբանել օրենքները»,-համոզմունք հայտնեց Ռուբեն Մելիքյանը:
Նրա բնորոշմամբ՝ լավ է գոնե, որ ՀՀ-ն միջազգային իրավական պարտավորություններ ունի, որոնք նպաստում են ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը. «Մարդիկ պետք է մտածեն, որ հետագայում իրավունքին չպետք է վերաբերվեն որպես օգտագործման ուղեցույցի: Սահմանադրությունն իրավական փաստաթուղթ է՝ իրավական լրջագույն հենքով»:
Իսկ թե ինչ ճանապարհով պետք է ՀՀ իշխանությունները գնային արտահերթ ընտրությունների կազմակերպմանը, Ռուբեն Մելիքյանը հարցադրում արեց. «Եթե ոչ մի ուժ վարչապետ չառաջադրեր, ի՞նչ է, պետք է հայտնվեինք հավերժական շրջապտույտում ու երբեք վարչապետ չունենայի՞նք…դա աբսուրդ է, չի կարելի իրավունքն այդպես մեկնաբանել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ