Լրահոս
Օրվա լրահոսը

Նունե Մանուկյան. «Երեւանցի եւ մարզաբնակ երեխաները ժյուրիի կազմում են»

Նոյեմբեր 05,2018 16:12

«Ռոլան» փառատոնի հիմնական նպատակներից մեկն էլ ապակենտրոնացումն է, այսինքն՝ Երեւանից մարզեր տեղափոխվելը»,-ասաց «Ռոլան» մանկապատանեկան միջազգային փառատոնի եւ Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը` նոյեմբերի 5-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացած ասուլիսի ժամանակ: Նա ներկայացրեց իրենց ծրագրերն ու նպատակը: Ասաց, որ փառատոնն այս տարի նվիրվում է Շառլ Ազնավուրին, ընդգծեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցության կարեւորությունը:

Մանրամասները` տեսանյութում:

Տիկին Մանուկյանը թվարկեց, թե որ երկրներից հյուրեր կժամանեն: Նա ասաց, որ փառատոնը հավատարիմ լինելով իր սկզբունքներին` ժյուրիի կազմում ներառել է երեխաների:

Մանրամասները` տեսանյութում

Փառատոնի բացումը Երեւանում կկայանա «Մոսկվա» կինոթատրոնում նոյեմբերի 6-ին: Իսկ մարզերում եւ Արցախում այն արդեն մեկնարկել է նոյեմբերի 5-ից: Բացի հիմնական մրցանակներից, կա նաեւ «Երեխաները երեխաների համար» ոչ մրցութային անվանակարգ:

14-րդ փառատոնի շրջանակում յուրաքանչյուր անվանակարգի մանկապատանեկան ժյուրին կազմված է լինելու երեւանցի ու մարզաբնակ երեխաներից եւ պատանիներից: Օրինակ, «Խաղարկային ֆիլմ» անվանակարգում մրցանակ կհանձնեն Ալավերդու, Շնողի եւ Թեղուտի երեխաները, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում` Գավառի մանկատան սաները, «Լավագույն ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգում` Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողները, «Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգում` «Թումո» կենտրոնի երեխաները, «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգում` Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները եւ «Պատիվ ունեմ» անվանակարգում` ՀՀ զորամասերի զինվորները:

Մանրամասները` տեսանյութում` քիչ անց:

 Փառատոնի նախագահը ներկայացրեց նաեւ Վիշեգրադ-Երեւան-ՀՀ մարզեր ծրագիրը, որի շրջանակում ստացված 55 ֆիլմերի հայտերից ծրագրում ընդգրկված է 22 ֆիլմ: Կարեւորելով ծրագիրը, Նունե Մանուկյանն ասաց նաեւ, որ «Հայաստանում Վիշեգրադի ֆիլմերի օրերի» շրջանակում Հայաստան կժամանեն հյուրեր Սլովակիայից, Հունգարիայից, Լեհաստանից, Չեխիայից:

Մանրամասները` տեսանյութում

 Փառատոնի շրջանակում հայ-ռուսական համագործակցությանն էլ անդրադարձ եղավ: Նունե Մանուկյանը նշեց, որ անվանի հյուրերից են կինոգետ, պրոդյուսեր, դերասան, «Նիկա» մրցանակի կրկնակի դափնեկիր եւ փառատոնի պատվավոր նախագահ Արմեն Մեդվեդեւը, որը Հայաստանում նշելու է իր ծննդյան 80-ամյակը, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Կաննի «Ոսկե արմավենու ճյուղ»-ի մրցանակակիր, ինչպես նաեւ «Նիկայի» քառակի դափնեկիր Գարրի Բարդինը: Նա կներկայացնի իր «Բոլերո» անիմացիոն ֆիլմը: Տիկին Մանուկյանը նշեց, որ ծրագրի շրջանակում կցուցադրվեն վերջին տարիներին նկարահանված ռուսական լավագույն ֆիլմերը:

Հատուկ ծրագիր կա նաեւ ճապոնական միջազգային հիմնադրամի աջակցությամբ, հանդիպումներ կլինեն «Թումոյում», Հայ-ռուսական համալսարանում եւ «Սահակյանց» անիմացիոն ստուդիայում:

Գյոթե ինստիտուտի եւ Ֆրանսիական դեսպանատան հետ համագործակցության մասին նույնպես խոսվեց:

Ասուլիսին ներկա էր նաեւ Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկան: Նա ուրախությամբ փաստեց, որ ֆիլմերն ու հանդիպումները չեն սահմանափակվելու միայն Երեւանով:

Մանրամասները` տեսանյութում

«Ուրախ եմ, որ նման հաջողակ փառատոնի հետ ենք աշխատում, ինչը հնարավորություն է տալիս համագործակցել Վիշեգրադի երկրների եւ Հայաստանի երեխաներին: Կարեւոր ենք համարում, որ Վիշեգրադի երկրների ֆիլմերը հասանելի են լինելու նաեւ մարզերի երեխաներին»,-ասաց դեսպանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930