Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրուցում ասաց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրվելու է Շենգավիթ եւ Մալաթիա-Սեբաստիայում: Հարցին՝ գալո՞ւ եք ԱԺ՝ նա պատասխանեց, որ դա պարզ կդառնա թիմի հետ քննարկումների արդյունքում, այս պահին որեւէ որոշում չկա:
Ուսուցիչների՝ ՔՊ-ին անդամագրվելու հետ կապված Արայիկ Հարությունյանն ասաց, որ օրենքով արգելված չէ, բայց որեւէ պարտադրանք չկա, որ նրանք մտնեն իշխանական ուժի մեջ, որովհետեւ դրա կարիքն ընդհանրապես չկա:
Նա ասաց, որ կրթության ոլորտը պետք է ապաքաղաքականացնել ու չի բացառվում, որ այսպիսի դրույթ սահմանեն, որ ուսուցիչը, որը կուսակցական է, դպրոցում աշխատանքի անցնելու դեպքում որոշ ժամանակով սառեցվի իր անդամությունը:
Հարցին՝ լեգենդներ են շրջանառվում, որ ՔՊ-ին անդամագրվելու համար 6 ամսով հերթեր են կուտակվում, մարդկանց հերթը չի հասնում, իրականում ի՞նչ իրավիճակ է այս առումով՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Դա լեգենդ չի, դա իրականություն է: Մենք շատ լուրջ ֆիլտրեր ենք դրել, որովհետեւ անմիջապես հեղափոխությունից հետո հազարներով սկսեցին անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը եւ մենք հիմա հերթով, իհարկե, հերթը շատ մեծ է…»: Հարցին՝ ի՞նչ ֆիլտրեր եք դրել՝ նա պատասխանեց. «Իր մասնակցությունը նախկինում ՔՊ-ի գործունեությանը, թեկուզ ոչ կուսակցության անդամ, իր մասնակցությունը վերջին քաղաքական պրոցեսներին, այս ամեն ինչը հանգեցում է նրան, որ հեշտանում է»:
Aravot.am-ի հարցին՝ ճամբարափոխներին ձեր շարքերն ընդգրկելուց այդ ֆիլտրն աշխատո՞ւմ է, թե՞ ոչ՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Այո, աշխատում է: Շատ խիստ ֆիլտրում ենք»: Հարցին՝ օրինակ, Հայկ Կոնջորյանին չե՞ք ընդգրկում՝ նա պատասխանեց. «Հայկ Կոնջորյանի հետ մենք համագործակցության երկար ճանապարհ ենք անցել»: Մենք ճշտեցինք՝ նրան, այսինքն, ճամբարափոխ չեք համարում՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Իր որոշումը նա մեկնաբանել է: Ես կարծում եմ, մենք նախկինում էլ, հիմա էլ նույն ուղղությամբ ենք աշխատում»: Հարցին՝ ՀՀԿ-ականներին ընդգրկելի՞ս էլ գոնե այդ 4-ի մասով ֆիլտրը չի գործել՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Այստեղ նաեւ հաշվի են առնվում տարբեր գործոններ, այդ թվում՝ պրոֆեսիոնալ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ