Վերջերս հրաժարական տված Արցախի մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը դեկտեմբերին 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրություն չունի: Այս մասին նա այսօր հայտարարեց «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում: «Քաղաքական-կուսակցական գործունեությամբ երբեք չեմ զբաղվել, այլ հայեցողական պաշտոն եմ զբաղեցրել՝ լինելով Արդարադատության փոխնախարար»,-հիշեցրեց նա: Հարցին՝ «ապագայում էլ է դա բացառվա՞ծ», Մելիքյանը պատասխանեց. «Բացառություններ նախատեսել չեմ ցանկանում»:
Նա հայտնեց, որ Երեւանում զբաղվելու է իրավապաշտպան գործունեությամբ. համապատասխան կառույց հիմնելու աշխատանքներն ընթացքի մեջ են:
Իր հրաժարականի մասին խոսելիս նա նշեց, որ այդ պաշտոնում իր առաքելությունն ավարտված է համարում, իսկ Արցախի նոր ՄԻՊ-ը՝ Արտակ Բեգլարյանը, շատ լավ կիրականացնի իր գործառույթները. «Նա ավելի շատ է ասոցացվում Արցախի հետ, քան ես: Նա հայր է կորցրել պատերազմում, որի հետեւանքների պատճառով ֆիզիկական խնդիրներ ունի: Իմ պատկերացմամբ՝ նա տեսողական խնդիրներ ունեցող առաջին օմբուդսմանն է: Կարծում եմ՝ աշխարհում էլ չկա նման օրինակ: Նա տասնապատիկ անգամ ավելի շատ դժվարություններ է հաղթահարել, քան յուրաքանչյուրս»:
Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ Երեւանում նախատեսվելիք գործունեության առաջնահերթություններից է լինելու ՀՀ-Արցախ իրավապաշտպան ոլորտների կապերի ամրապնդումը. «ՀՀ-ում նոր իրավիճակում նման բաց եմ տեսնում: Իմ դերը տեսնում եմ նրանում, որ կապող օղակ լինեմ ՀՀ-ի եւ Արցախի միջեւ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ