«Եթե շարունակվի այլ կուսակցության անդամների տեղափոխվելը ՔՊ, սա կբերի հանրապետականացման»,-այս մասին նոյեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Ըստ Քոչարյանի, Հայաստանի քաղաքական դաշտում «такая маленькая, а уже Наташа» սկզբունքը սկսում է դոմինանտ դառնալ, և եթե դա սկսի զանգվածային բնույթ կրել, ապա վատ կլինի ՔՊ-ի համար։
«Մայիս ամսին ՔՊ-ին պետք էին տարբեր կուսակցություններից մարդիկ, որպեսզի կարողանային հաղթել, բայց ինչներին են պետք հիմա նրանք։ Ես գտնում եմ, որ կադրերի պակաս կա, և այո, կադրերի պետք է հրավիրել, բայց դա չի նշանակում, որ Հանրապետականի նման «զոռով» հանրապետականացնել է պետք»։
Քոչարյանի խոսքով՝ քաղաքական գործընթացը հետևյալն է․ սկզբում քաղաքական գործիչները ինքնակամ են գնում որևէ կուսակցություն, հետո տվյալ կուսակցությունը մեծանում է և դառնում ոչ թե գաղափարական, այլ իշխանության կուսակցություն։
Խոսելով փոքր կուսակցություններից՝ քաղտեխնոլոգն ասաց․
«Այն փոքր կուսակցությունները, որոնք բազմիցս մասնակցել են ընտրություններին, բայց չեն անցել, այսօր խրոխտ հայտարարում են, որ մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին։ Իմ կարծիքով նրանց մասնակցությունը կավարտվի այս հայտարարություններով»։
Անդրադառնալով «Սասնա Ծռեր» կուսակցությանը, Քոչարյանն ասաց, որ այն հնարավորություն ունի հաղթահարելու նվազագույն շեմը, բայց չի կարող ասել, թե հասարակության որ հատվածը կքվեարկի նրանց օգտին, քանի որ «Սասնա Ծռերը» բավականին ծայրահեղ ուժ է ։
Քոչարյանի կարծիքով, Հանրապետական կուսակցությունը 20 տարի լինելով իշխանության, ստեղծել է բավականին լուրջ սոցիալական բազա։
«Կան մարդիկ, որոնց ձայնը մայիսից սկսած դուրս չի գալիս, բայց դա չի նշանակում, որ ընտրախցիկ հասնելուն պես չեն քվեարկելու ՀՀԿ-ի օգտին։ Նրանց թիվը մեծ չի լինի, սակայն, բավարար կլինի անցողիկ շեմը հաղթահարելու համար»։
Իսկ ՔՊ-ի մասին խոսելիս, քաղտեխնոլոգն ասաց, որ այն միանշանակ կլինի առաջատարը, սակայն գործադիր իշխանությունը ձևավորելուց հետո ՔՊ-ում կսկսվեն խմորումներ։
Այնուամենայնիվ, ըստ Քոչարյանի, անցողիկ շեմը կհաղթահարեն ՔՊ-ն, ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, և ընտրությունների արդյունքում քաղաքական դաշտը գլոբալ առումով կմաքրվի ու կլինի լեգիտիմ Ազգային ժողով։
Սոնա ԳԵՎՈՐԳՅԱՆ