Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է իր ցուցակով: Այս մասին այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Էդմոն Մարուքյանը: Նա նախ շնորհակալություն հայտնեց իր գործընկեր կուսակցություններին՝ «Հանրապետությանը» եւ «Քաղաքացիական պայմանագրին»՝ անցած համատեղ ճանապարհի, մասնավորապես՝ «Ելք» դաշինքի հիմնադրման եւ գործունեության համար. «Այդ դաշինքի առաքելությունը, փաստացի, ավարտված է»:
Ապա նշեց, որ ՔՊ-ի հետ գործակցության հնարավորություններն ապագայում սպառված չեն. «Նման հնարավորությունների դեպքում այդպիսի գործակցություն հնարավոր է՝ ի շահ քաղաքացիների եւ պետության: Կարծում եմ՝ թե ԼՀ-ն, եւ թե «Հանրապետությունը» խորհրդարան անցնելու հնարավորություններ ունեն: Եթե մենք չհայտնվենք ԱԺ-ում, բա էլ ո՞վ հայտնվի»:
Այլ հարցի՝ հնարավո՞ր է նոր ԱԺ-ում դաշինք կազմեք «Իմ քայլը» խմբակցության հետ», Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Ապագան ցույց կտա: Ապագայում էլ պատրաստ ենք ներդրում ունենալ պետականաշինության գործում: Իսկ թե ինչպես, պատասխան տվողը ՀՀ քաղաքացին է՝ իր քվեով»:
Էդմոն Մարուքյանը նաեւ հայտնեց, որ ինքն անձամբ հակված է վարկանիշային ընտրակարգով չառաջադրվելուն. «Հարցը քննարկում ենք»:
Մարուքյանը շեշտեց՝ ամեն ինչ անելու են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԼՀ-ն դառնա երկրորդ քաղաքական ուժը նոր ԱԺ-ում. «Բոլոր հնարավորությունները կան: Ակնհայտ է, որ առաջին ուժը լինելու է «Իմ քայլը» դաշինքը: Քաղաքական համակարգի առողջացման համար անհրաժեշտ է, որ ԼՀ-ն լինի երկրորդ քաղաքական միավորը ԱԺ-ում: Վստահեցնում եմ՝ 90%-անոց հնարավորության մասին եմ խոսում»:
https://www.youtube.com/watch?v=ddawZCMdv5E
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ