Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ չեք ձեր շահույթից ներդրում անում, ինչի՞ եք մեզնից դա գանձում». խորհրդարանում «քննում» էին ՀԷՑ-ի գլխավոր տնօրենին

Նոյեմբեր 05,2018 14:29

Ազգային ժողովում ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում:

ՀէՑ ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը ներկայացրեց ներդրումային ծրագիրը: Վերջինս հայտարարեց, որ ՀԷՑ-երի սակագնային մարժայի  (վաճառված եւ գնված էլեկտրաէներգիայի տարբերությունը) էական բարձրացում չի ունեցել 2012-ից հետո: Նա տեղեկացրեց, որ ընկերության սակագնային քաղաքականությունը կարգավորված է օրենսդրական նորմերով, իսկ մասնավորեցման պայմանագրով հստակ որոշված է սակագնային քաղաքականությունը: «2012-2013 թթ. ունեցել ենք 25.8 դրամ սակագին, որում ՀՀ էլեկտրական ցանցերի սակագնային մարժան կազմել է 9.3 դրամ: Այսօր ունենք 39.9 դրամ, իսկ էլեկտրական ցանցերի սակագնային մարժան աճել է ընդամենը 2 դրամով եւ կազմում է 11.6 դրամ: Այլ կերպ ասած՝ մենք ունեցել ենք 2.3 ցենտ սակագնային մարժա, այսօր այն կազմում է 2.4: Ըստ էության, վերջին ութ տարում որեւէ փոփոխություն չի եղել: Մարժան 2015-ից աճել է 6.56 դրամ, ընդհանուր աճի մեջ Հայաստանի էլեկտրական ցանցերի սակագնային մարժան աճել է  3.47 դրամով: 2012-ից հետո ունեցել ենք սակագնային մարժայի աճ 24.7 տոկոս, իսկ դոլարային արտարժույթով արտահայտված ընդամենը 3.9 տոկոս աճ»,- ասաց Կարեն Հարությունյանը` թվային արտահայտություններով հիմնավորելով իր հայտարարությունը:

Ի դեպ, սակագնային մարժայի հաշվարկման մեթոդիկան կարող է փոխվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի եւ հանձնաժողովի փոխադարձ համաձայնությամբ:

Ներկայացնելով ընկերության ներդրումային ծրագիրն էլ, Կարեն Հարությունյանն ասաց, առաջիկա 5 տարիներին կորուստների մասով ընկերությունը որեւէ պահանջ չի ներկայացնելու, իսկ հետո սակագնում կորուստների մակարդակն աստիճանաբար նվազեցնելու է՝ մինչև 6.4 տոկոս: Այժմ սակագնում հաշվարկված է 11.03 տոկոս կորուստ, սակայն իրական կորուստները 9 տոկոս են:

Նշենք, որ էլեկտրաէներգիայի սակագինն այսօր 39.9 դրամ է (ներառյալ՝ ԱԱՀ-ն). 11.6 դրամը կամ 29.2%-ը ՀԷՑ-ի շահույթն է: Այժմ ընկերությունն ունի 7806 աշխատակիցներ, 2025 թվականից նախատեսվում է աշխատակիցների թվի նվազում մինչեւ 6706: Կարեն Հարությունյանը վստահեցնում է` ներդրումային ծրագրերի արդյունքում կունենանք տեխնիկական բոլոր պարամետրերով հագեցած ցանց: Նա նաեւ տեղեկացրեց, որ էներգետիկ առումով այս տարի Հայաստանը 17-րդ տեղում է: Սա Համաշխարհային բանկի գնահատականն է: Նախկինում ՀՀ-ն 100-րդ տեղում էր:

Եթե ՀԷՑ-ը էներգիան գնում է 21 դրամով, վաճառում 46 դրամով, ինչո՞ւ ընկերությունը չի վճարում իր սեփական ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց`Կարեն Հարությունյանին հարց ուղղեց «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Պատասխանը եղավ` դա կարգավորվում է ենթաօրենսդրական ակտերով: Ինչի՞ չեք ձեր շահույթից ներդրում անում, ինչի՞ եք մեզնից դա գանձում`շարունակեց պատգամավորը: Կարեն Հարությունյանը պարզաբանեց. «Ներդրումները փոխհատուցվում են վաճառքից, դա տնտեսագիտական նորմ է»: Ձեր աշխատավարձի բացարձակ չափն ինչքա՞ն է`«հարցաքննությունը» շարունակեց պատգամավորը: «Նոր թիմի գալուց հետո թոփ մենեջերների աշխատավարձերը նվազեցվել են, նվազագույնը՝ ավելացվել, իսկ միջինը նույնն է մնացել՝ 200 հազար դրամ»,- պատասխանեց Կարեն Հարությունյանը:

Ի դեպ, Կարեն Հարությունյանը հաստատեց Հովիկ Աղազարյանի տեղեկությունը, որ վերջերս ընկերությունը երկու խոշոր գույք է օտարել՝ «Փեթակի» մոտ եւ Էրեբունիում: Ասաց` կատարվել է «օպտիմիզացիա», որը չի ազդելու իրենց ծախսերի վրա:

Հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն այն կարծիքին է, որ պետությունն իրավասու է շահույթի առավելագույն չափ սահմանել, որքան էլ մասնավորեցման պայմանագրում դա նշված չէ: Պատգամավորը համոզված է` արտադրող կայանների եւ սպառողներին էլեկտրաէներգիայի վաճառքի գների տարբերության, նաեւ արտադրող կայանների մեջ ռեզերվներ կան, որոնց հաշվին սակագինը կարող է նվազեցվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930