Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դիտարկմամբ, իշխանությունները հիմա փորձում են լուծել ներկուսակցական խնդիրներ: Խոստացված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների տապալումն էլ Արամ Սարգսյանը պայմանավորեց նրանով, որ իշխանությունները պարզապես չցանկացան Վենետիկի հանձնաժողովի հետ որոշակի խնդիրներ ունենալ, ըստ նրա՝ որովհետեւ հենց Վենետիկից հայտարարեցին, որ ընտրություններից մեկ ամիս առաջ չի կարելի փոփոխություններ անել, փոխել խաղի կանոնները:
«Իշխանությունները հասկացան՝ ավելի լավ հնարավորություններ են ստեղծվում միանձնյա կառավարելու այս երկրում, այսօրվա դրությամբ դա իրենց միակ նպատակն է: Բացի այդ, ես տեսնում եմ՝ շատ լավ էլ պայմանավորվել են, որ ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն նորից հնարավորություն ունենան ընտրություններին մասնակցել եւ նորից ձեւավորել այդ խորհրդարանը, ոչ մի փոփոխություն չեմ տեսնում, միայն դեմքեր կփոխվեն իշխող ուժի մոտ»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Արամ Սարգսյանը:
Նա նաեւ ասաց, որ ոչ թե համակարգի փոփոխություն կլինի, այլ նույն համակարգը մի փոքր ձեւափոխված էլի հայտնվելու է խորհրդարանում:
Ըստ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանի՝ իշխանությունները ստացել են ժառանգություն, որից խուսափել չկարողացան: Ընտրական գործող օրենսգիրքը ոչ լեգիտիմ խորհրդարան է ծնում. «Կարծում եմ՝ այս խորհրդարանը հերթական անգամ ոչ լեգիտիմ է լինելու, չնայած՝ անցումային շրջան է, ժամանակավոր: Նույն փողն էլի բաժանվելու է, այս Ընտրական օրենսգրքի հիմքում դրված է փող բաժանելը, դրա դեմը չեն կարողանալու առնել: Հուսով եմ՝ քաղաքական իշխող ուժը քարոզարշավի ժամանակ կմատնանշի հերթական խորհրդարանական ընտրությունների ժամանակացույցը, որը կլինի Ընտրական օրենսգրքի, Սահմանադրության, կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունից հետո, ինչու չէ նաեւ հիմնի փոփոխությունից հետո»: Նրա խոսքով. ընտրությունները չկազմակերպելը ավելի շատ լի էր վտանգներով, ոչ մի բարեփոխում հնարավոր չէր լինի իրականացնել, ցանկացած փոփոխություն կախված էր լինելու ՀՀԿ-ի կապրիզից. «Այս ընտրական օրենսգրքով մաքուր ընտրություն անելու հնարավորություն չի լինի, քաղաքական թիմ հավաքել հնարավոր չէ, բայց գոնե քաղաքական հենարան ունենալու հնարավորություն կլինի, մնացած բարեփոխումները օրինականացնելու ու նոր ընտրությունների գնալու»:
Արամ Սարգսյանն էլ նկատեց՝ որ իշխանություններին ոչինչ չէր խանգարում, որ չորս ամսով հետաձգեին այս ընտրությունները, ըստ նրա՝ իշխանությունները բոլոր հնարավորություններն ունեին կառավարելու. «Եթե այս ընտրությունները համարենք ոչ լեգիտիմ, կնշանակի՝ նորից շարունակվելու է անցումային շրջանը, խորանալու են հակասությունները, որոնք այսօր միգուցե ավելի քիչ էին: Ես տեսնում եմ այս իշխանությունների անփորձությունը, հեռատեսության բացակայությունը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Էդ փող բաժանողներն ու ստացողներն հուսանք որ շատ արագ բանտում կհայտնվեն: Իրենք պետական դավաճաններ են: