«Առավոտի» զրուցակիցն է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը
– ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ տարածաշրջանային այցից հետո Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում եւ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում փոփոխություն սպասե՞լ:
– Չարժե այդ հավանական փոփոխությունները կապել հատկապես պարոն Բոլթոնի այցելության հետ: Մոսկվան ու Վաշինգտոնը Հարավային Կովկասում նոր իրավիճակ ձեւավորելու համատեքստում, հավանաբար, նոր խնդիրների ու մարտահրավերների առջեւ են կանգնեցնելու տարածաշրջանի պետություններին, այդ թվում նաեւ մեզ: Հայաստանի պարագայում շատ բան կախված կլինի նրանից, թե որքանով համարժեք կգնահատի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորվելիք ՀՀ իշխանությունը գերտերությունների գործողություններից բխող մարտահրավերները:
– Բոլթոնի այցից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԼՂ հարցի կարգավորմանը, նշել էր. «Հարցի գլոբալ կարգավորման առումով հասկանալի է, որ որեւէ լուծում պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար»: Սա նշանակում է Փաշինյանն, այնուամենայնիվ, շեշտում է հարցի լուծման փոխզիջմա՞ն անհրաժեշտությունը:
– Փոխհամաձայնության վրա հիմնված լուծումներն են ունակ ապահովելու տեւական խաղաղություն ու իրական հաշտեցում ժողովուրդների միջեւ, եւ այդ առումով փոխզիջման մեջ որեւէ բացասական բան չեմ տեսնում: Այլ խնդիր է, թե ինչ է իրենից ենթադրում փոխզիջում ասվածը: Մեր դեպքում Մադրիդյան սկզբունքները ոչ թե փոխզիջումային լուծում են առաջարկում կողմերին, այլ դրդում են համաձայնել կապիտուլյացիայի: Ստեղծված բանակցային փակուղուց դուրս գալու համար հենց հայկական կողմերը պետք է շատ կոնկրետ քայլեր ձեռնարկեն, իսկ արդյունքի հասնելու համար մեր ցանկություններն արտացոլող հայտարարությունները բավական չեն՝ իրավիճակը փոխելուն ուղղված գործողություններ են պետք:
– Արդյոք համարո՞ւմ եք, որ Բոլթոնի՝ զենքի վաճառքի մասին հայտարարություններն ուղղված էին Ադրբեջանին, եւ ԱՄՆ-ը ցանկանում է զենք վաճառել Ադրբեջանին: Ինչի՞ կարող է դա հանգեցնել, եւ որքանո՞վ է իրատեսական Հայաստանի՝ ԱՄՆ-ից զենք գնելու տարբերակը:
– Ավելի հավանական եմ համարում այն, որ այս կերպ ամերիկյան պաշտոնյան ակնարկեց Ադրբեջանին ու Հայաստանին զենք վաճառելու ռուսական մենաշնորհին վերջ տալու` Վաշինգտոնի նպատակը: Ըստ էության, եթե այս նոր մոտեցումն իսկապես կյանքի կոչվի, ապա կողմերին զենք մատակարարելու միջոցով հակամարտության ընթացքի վրա նաեւ քաղաքական բացառիկ ազդեցություն ունենալու Ռուսաստանի հնարավորությունները կարող են էապես սահմանափակվել: Ինչ վերաբերում է Հայաստանի՝ ԱՄՆ-ից զենք ձեռք բերելու հեռանկարին, ապա չի կարելի բացառել նաեւ մի իրավիճակ, երբ այդ զենքը կարող է մեզ տրամադրվել անվճար:
– Բոլթոնի այցին հաջորդեց Անկարա-Բաքու-Թեհրան եռակողմ ձեւաչափով կայացած հանդիպումից բխած հռչակագիրը, որտեղ խոսվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Այստեղ ի՞նչ վտանգներ եք տեսնում Հայաստանի համար:
– Նաեւ այս համատեքստում է անհրաժեշտ, որ Արցախը սկսի ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել, դառնա քաղաքական գործընթացների ու մոտեցումների ձեւավորման վրա իրապես ազդող առանձին գործոն: Դրա համար կան անհրաժեշտ նախադրյալները:
– Վտանգներ տեսնո՞ւմ եք հայ-իրանական սահմանի դե ֆակտո հնարավոր փակման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ:
– Այդ վտանգի ահագնացման մասին նախազգուշացրել եմ առնվազն երկու տարի առաջ: Դրական է, որ այդ մասին այժմ ասաց նաեւ վարչապետ Փաշինյանը: Կարեւոր է վտանգը գիտակցելը՝ դա թույլ է տալիս իրավիճակի ճիշտ գնահատում կատարել, բայց դրա հետ միասին ինքնաբերաբար նաեւ այդ վտանգը հաղթահարելու կամ չեզոքացնելու համար համապատասխան ծրագիր է անհրաժեշտ ունենալ:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ»
03.11.2018