Դիմամատյանում վերջերս ծավալվեց բանավեճ, թե կա՞, արդյոք, այդպիսի մասնագիտություն՝ առողջապահության կազմակերպիչ: Չէ՞ որ ոչ ոք չի կասկածում նեղ բժշկական մասնագիտությունների առկայությանը եւ անհրաժեշտությանը: Մենք շատ կզարմանանք, եթե պարզվի, որ հոդացավերից գանգատվող բուժառուին ընդունի քիթ-կոկորդ-ականջաբանը, իսկ սրտի շրջանում ցավերի կապակցությամբ պոլիկլինիկայից ուղեգրեն մաշկաբանական ստացիոնար:
Հիմա եկեք տեսնենք, թե զարմացնո՞ւմ է մեզ այն, որ հիվանդանոցի կամ պոլիկլինիկայի ղեկավար նշանակվում է որեւէ մեկը այդ բուժհիմնարկի բժիշկներից, օրինակ՝ սրտաբանը: Իմ կարծիքով` ոչ, քանի որ ճնշող մեծամասնությամբ հենց այդպես էլ լինում է: Ամենամեծ հավանականությունը նման պաշտոն զբաղեցնելու ունենում են վիրաբույժները, հատկապես մարզերում, ինչը ունի բացատրություն՝ վիրաբույժները իրենց մասնագիտության յուրահատկության հետեւանքով ավելի շատ են հասնում հիվանդին կրիտիկական պահին, բարեկամների կարծիքով՝ ավելի հաճախ են փրկում հիվանդի կյանքը: Փրկվածների մեջ լինում են նաեւ պաշտոնի նշանակողների բարեկամները, եւ ընդհանուր կարծիք է ստեղծվում, որ այդ վիրաբույժն իսկական բժիշկ է, լավ բժիշկ է, ինքն է արժանի ղեկավարելու բուժհիմնարկը:
Ինչ ենք ուզում ասել՝ բուժհիմնարկի ղեկավար նշանակելուց ամենավերջին տեղում է այն հարցը, որ խոսքը կազմակերպչական ոլորտի մասին է, ոչ թե լավ կամ վատ բժիշկ լինելու:
Իհարկե, խորհրդային տարիներին այդպիսի հատուկ նեղ մասնագիտացում, ինչպիսինն է առողջապահության կազմակերպիչ, չկար, իսկ որոշ գիտելիքներ այդ ոլորտից ստանում էին սանիտարական ֆակուլտետի ուսանողները, սակայն իրենք ավելի շատ դիտարկվում էին որպես սանէպիդ ոլորտի մասնագետներ՝ սննդի, արդյունաբերական, աշխատանքային հիգիենաների բժիշկներ: Այն տարիներին գլխավոր բժիշկ էին դառնում որեւէ բաժնի վարիչները (կրկին հիշեցնեմ վիրաբույժների մասին), որոնք վերադասի մոտ ստեղծում էին տպավորություն, որ օժտված են նաեւ կազմակերպչական ունակություններով:
Անկախության տարիներին Հայաստանում Առողջապահության ազգային ինստիտուտում, որը Բժիշկների վերապատրաստման ինստիտուտի հետեւորդն էր, բժշկական համալսարանը ավարտած ուսանողների հետդիպլոմային նեղ մասնագիտացման համար ստեղծվեց Առողջապահության կազմակերպում ամբիոնը: Այժմ մենք ունենք 25 տարուց ավելի աշխատանքային ստաժ ունեցող բժիշկներ, որոնց նեղ մասնագիտությունը հենց այդ է՝ առողջապահության կազմակերպիչ: Հայաստանի Ամերիկյան համալսարանում նույնպես հենց այդ տարիներին ստեղծվեց Հանրային առողջության ֆակուլտետ, որտեղ բազային բժշկական կրթությունով եւ ոչ միայն ուսանողներին տալիս են նման մասնագիտացում: Միգուցե կարելի է անվանել այդ մասնագիտությունը առողջապահության կառավարում, ինչպես դա հնչում է արեւմտյան երկրներում՝ health care menagement: Դա չի փոխում խնդրի էությունը:
Պետք է ասել, որ անգամ այդ նեղ մասնագիտացման մեջ արդեն տարբերում ենք հիվանդանոցային եւ պոլիկլինիկական գործի կազմակերպիչների, հանրային առողջության, կանխարգելիչ ոլորտի մասնագետների: Հավատացեք, դրանք բավականին տարբերվում են իրարից, եւ ամեն տեղ նպատակահարմար է տեսնել իր ոլորտի մեջ մասնագիտացված պաշտոնյայի:
Արդյոք փոխվե՞լ է վերադասի մոտեցումը բուժհիմնարկների ղեկավարի պաշտոնին նշանակելիս: Կարելի՞ է ասել, որ բուժհիմնարկի ղեկավարի պաշտոնին նշանակողները ընկալում են այդ գաղափարը, որ դա ուրույն ոլորտ է, եւ դրա համար անհրաժեշտ են հատուկ գիտելիքներ ու փորձ: Մենք այդպիսի տպավորություն չունենք: Եվ խոսքը միայն բուժհիմնարկների ղեկավարների մասին չէ: Նույն նեղ մասնագիտությունը հաշվի չառնելու մոտեցումը գերիշխում է ընդհուպ մինչեւ առողջապահության նախարար նշանակելը:
Անկախ Հայաստանը ունեցել է 9 առողջապահության նախարար, որոնցից միայն մեկին կարելի է համարել առողջապահության կազմակերպիչ՝ որպես նեղ մասնագիտացում ունեցողի:
Ներկայում պաշտոնավարող 10-րդ նախարարը՝ Արսեն Թորոսյանը, ավարտելով ԵՊԲՀ բուժական ֆակուլտետը, գիտակցաբար ընտրեց որպես նեղ մասնագիտացում առողջապահության կազմակերպում, որից հետո աշխատել է հենց այդ ոլորտում, միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանում գործող ծրագրերում, անցել է վերապատրաստում արտասահմանյան համալսարաններում, զրոյից ստեղծել է բավականին արդյունավետ աշխատող ախտորոշիչ կենտրոն եւ հենց դրա համար, իսկ միգուցե նաեւ այլ նկատառումներով այժմ զբաղեցնում է այդ պատասխանատու պաշտոնը: Դրա արդյունքը միանգամից երեւաց: Անմիջապես պաշտոնին նշանակվելուց հետո Արսեն Թորոսյանը սկսեց զբաղվել հենց առողջապահության կազմակերպումով եւ իրեն շատ քիչ ժամանակ պետք եկավ գործի բուն իմաստի մեջ մտնելու համար: Հիշեցնում ենք, որ դա տեղի ունեցավ իր հատուկ մասնագիտական գիտելիքների եւ փորձի շնորհիվ:
Հոդվածի հիմնական իմաստը ո՞րն է: Կուզենայինք, որ բոլորս, հատկապես քաղաքական որոշումներ ընդունողները, հաշվի առնենք այն, որ առողջապահության կազմակերպումը լուրջ բազային գիտելիքներ պահանջող ոլորտ է, որին գումարվում է պրակտիկ աշխատանքի փորձը, եւ այդ ամբողջ համալիրը հաշվի առնելով՝ պետք է կայացնել որոշում առողջապահական համակարգի ղեկավար նշանակելիս:
ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հանրային առողջապահության մասնագետ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱԶԱՐՉՅԱՆ
Առողջապահության կազմակերպիչ
«Առավոտ»
03.11.2018