Ադրբեջանի իշխանությունները ներողություն են խնդրել ռուս բլոգեր Իլյա Վարլամովից և հետ հրավիրել Բաքվու:
Ավելի վաղ Վարլամովը գրել էր, որ Բաքվի օդանավակայանից իրեն արտաքսել են, որից հետո ինքը ստիպված է եղել մեկնել Ստամբուլ:
«Զանգ է գալիս, հեռախոսի վրա անծանոթ ադրբեջանական համար է… Տղամարդը ներկայանում է որպես սահմանային ծառայության ներկայացուցիչ: Ներողություն է խնդրում երեկվա միջադեպի համար, ասում, որ սխալմունք է տեղի ունեցել և իմ նկատմամբ որևէ պահանջ չկա:
Երեկ աշխատակիցները սխալ որոշում են կայացրել: Մենք պատրաստ ենք փոխհատուցել ձեր ծախսերը, խնդրում ենք, վերադարձեք, մենք ձեզ համար տոմս կգնենք»,- գրում է բլոգերը:
Ավելի ուշ Վարլամովին ևս մի քանի մարդ է զանգահարել, նրանք ներողություն են խնդրել արտաքսման համար, խոստացել են տոմս գնել:
«Բաքվում ինձ սպասում են ինքնաթիռի մուտքի մոտ: Սահմանապահի հագուստով երիտասարդ աղջիկն ինձ հսկայական ծաղկեփունջ է նվիրում: Կյանքումս առաջին անգամ ինձ ծաղիկներ են նվիրում. հաճելի է»,- գրել է Վարլամովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ