Լրահոս
Օրվա լրահոսը

Վտանգավոր անգործություն քարոզչական պատերազմում

Նոյեմբեր 05,2018 12:30
bakur

Անշուշտ, հանրությունը բարձր է գնահատում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ երկրի տնտեսական զարգացման, ինչպես եւ արտաքին քաղաքականությունը, որոնց շուրջ նա եյույթներ ունեցավ ԱԺ-ում: Սակայն առանց առաջընթացը իրականացնող գլխավոր սուբյեկտի՝ հայության մտածելակերպի փոփոխության, առանց հանրային կարծիքի վրա ներազդման միջոցառումների շատ դժվար կլինի իրականացնել, մանավանդ՝ հակակոռուպցիոն ծրագրերը: Իսկ այս գործում վճռական դեր կարող է ունենալ մշակույթը՝ սեփական գրականությունը, արվեստը, զանգվածային լրատվամիջոցները: Առանց հանրության դեպի բարոյա-հոգեւորի շրջադարձը չի վերացվի կոռուպցիան, կաշառակերությունը, բյուրոկրատությունը: Իսկ որ գրականությունը, գրողները, լրագրողները վաղուց դուրս են նախկին ու նոր իշխանությունների պատշաճ ուշադրությունից, փաստ է:

Ինքս նոր ավարտած «Վաչական Բարեպաշտ թագավոր» պատմավեպը հրատարակելու նպատակով, հաշվի առնելով ներկա քաղաքական իրավիճակում այս աշխատության կարեւորությունը, դիմել էի ՀՀ III նախագահի օգնությանը: Ոչ մի պատասխանի չարժանանալով, ընկերներիս խորհրդով նույն խնդրով դիմեցի Առաջին տիկնոջը: Նրա աշխատակազմը գրությունը փոխանցում է ՀՀ մշակույթի նախարարությանը, որն էլ իր պատասխանում ուղղակի հայտնում է, որ նման միջոցների տրամադրումը բացառվում է: Ես ստիպված եմ լինում որոշակի գումար պարտք վերցնել եւ փոքր տպաքանակով լույս ընծայել այն: Հայտնի է, որ երկրում ընդհանուր բարոյահոգեւոր անկման ու գրականությունից հանրության կտրված լինելու պայմաններում անհնար է գրքի իրացման միջոցով այն ընթերցողին հասցնելը:

Սակայն անտեսելով այս դժվարությունները, գրողը, հարազատ մնալով իր կոչմանը, շարունակում է ստեղծագործել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղեկատվական պատերազմում Ադրբեջանի քարոզչամեքենան անհամեմատ ակտիվ է ու աշխարհի գրադարանները, դեսպանատները, միջազգային ատյաններն ու շուկան լցրել է կեղծիքով, Հայաստանի ու հայության դեմ մոգոնած գրականությամբ, գրեցի «Արցախի խնդրի 10 արմատները» 50 էջանոց գիրքը: Գրքում շարադրված են սկսած մ.թ. III դարից մինչեւ մեր ժամանակաշրջանը այն 10 դեպքերը, երբ Հայքը զրկված է լինում պետականությունից, իր ինքնությունը, լեզուն, մշակույթը, հայրենի եզերքը պաշտպանելու համար ստեղծում է ինքնուրույն պետական կարգավիճակ: Հենց այսօրվա կարգավիճակն էլ այդ շարունակականության ժառանգության հետեւանք է: Այս մասին պետք է իմանա միջազգային հանրությունը: Գրքույկը մի շարք լեզուներով թարգմանելու եւ հրատարակելու խնդրանքով դիմեցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնությանը: Աշխատակազմը նամակը փոխանցում է ՀՀ մշակույթի նախարարությանը, որտեղից էլ նախորդ իշխանությունների օրինակով (ըստ երեւույթին, համապատասխան օղակներում նույն բյուրոկրատներն են մնացել), փոխանակ լուծում տալու հույժ կարեւոր խնդրին, պատասխանում են, որ գրականությանը նման հատկացումներ չեն արվում: Առաջարկում են որեւէ օտար հրատարակիչ գտնել, որը նախապես կհամաձայնի լույս ընծայել գիրքը, իրենք կֆինանսավորեն թարգմանական ծախսերը: Իսկ նման գիրք ո՞ր օտար հրատարակչությունը հանձն կառնի: Առաջին հերթին մտածեցի, որ այս նախարարությունում բույն են դրել ադրբեջանական քարոզչամեքենայի գործակալները, որոնց հանձնարարված է ամեն կերպ խոչընդոտել մեր ճշմարտությունը միջազգային հանրությանը մատուցելուն:

Սա է իրականությունը: Իսկ սա միայն մեկ օրինակ է հարյուրներից: Ու մենք պետք է հաշտվե՞նք այս իրավիճակի հետ:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթները ԱԺ-ում բազմաբովանդակ են ու համոզիչ: Սակայն բաց է թողնված քարոզչության կարեւոր բնագավառը, որտեղ վճռական դեր ունի մտավորականությունը: Հիշում եմ, 1988-ից սկսած մտավորականների խմբեր էի ուղարկում տարբեր երկրներ՝ հայամետ քարոզչական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Միջազգային հանրության կարծիքը լիովին մեր կողմն էր թեքված: Իսկ ահա այս ոլորտում պետության անգործության պատճառով հակառակ պատկերն է ստացվել:

Մի՞թե երկրի տնտեսական զարգացման, անվտանգության, ժողովրդի բարօրության ապահովման նպատակը հայության ինքնության, լեզվի, մշակույթի, հայրենիքի պահպանումը չէ: Բռնատիրությունից ազատվելու համար արցախյան ապստամբությունը, պատերազմը, նկատի ունենալով պատմական անցյալում նախորդած 9 դեպքերը, իր խորքում ինքնության, մշակույթի, հայրենի եզերքի պահպանումը չէ՞ր, որին կարողացանք հասնել զոհերի գնով:

Սակայն այժմ հակառակորդի հետ պատերազմը քարոզչության ճակատում է: Թշնամին իր սուտը, կեղծիքը որպես ճշմարտություն տարբեր լեզուներով լցրել է շուկաները, գրադարանները, դեսպանատները, միջազգային ատյանները: Իսկ խնդիրը ուսումնասիրողները սրանք հերքող հայկական գրականություն չեն գտնում:

Պետական այրերի մոտ այն կարծիքն է ստեղծվել, թե ահա իրենք ելույթ կունենան միջազգային որեւէ ատյանում, կմատուցեն խնդիրը, ու ամեն ինչ իր տեղը կընկնի: Սակայն տեսնում ենք, որ միջազգային ատյանները մի բան են պնդում. «Հայաստանը անեքսիայի է ենթարկել Ադրբեջանի տարածքը, ուրեմն եւ ետ պետք է վերադարձնի»: Այս են պնդում նաեւ հայաստանյան որոշ կուսակցություններ: Իսկ լավ կազմակերպված քարոզչությունը, թեկուզ սուղ միջոցներով, կարող էր ապահովել ճշմարտության մատուցումը հանրությանը:
Սակայն եթե ոչինչ չի արվում միջազգային հանրության կարծիքը մեր կողմը թեքելու համար, չենք ներազդում այդ կարծիքի վրա ու թողնում ենք, որ հակառակորդը հաղթի քարոզչական պատերազմում, հիմք չի ստեղծվում պետական այրերի (նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ, ԱԳ նախարար եւ այլն) միազգային ատյաններում ելույթների վերջնական հաջողության համար, ապա հետեւանքները շատ ծանր ու անսպասելի են լինում:

Ընդգծելով մեր մտավորականության իր հետ հաշվի նստելու սպասելիքները, ուզում ենք հավատալ, որ կառավարությունը այսուհետ չի անտեսի քարոզչության կարեւորությունը եւ միջոցներ կձեռնարկի այս ոլորտում եւս դուրս գալու ճգնաժամային իրավիճակից:

ԲԱԿՈՒՐ

«Առավոտ»

03.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930