Շատերի համար ճամփորդության միջոց է ինքնաթիռը, նավը, ավտոբուսը, գնացքը եւ այլ տրանսպորտային միջոցներ, բայց շատ քչերը գիտեն, որ ճամփորդությունը կարելի է հետաքրքիր կազմակերպել նաեւ հեծանվով։ Հրաշալի օրինակ է ծառայում ազգությամբ չեխ Յարոսլավ Պավլիկի հեծանվային ճամփորդությունը:
«Իմ սերը հեծանվի նկատմամբ ծագեց ալարկոտությունից: 17 տարեկան էի, երբ ուղեղիս վրա ուռուցք հայտնաբերվեց: Բարեբախտաբար, այն ամբողջությամբ հեռացվեց եւ ես լիովին վերականգնվեցի, բայց կես տարվա ընթացքում ֆիզիկական գործունեությունս արգելված էր»,- պատմում է մեր զրուցակիցը, որը հետագայում` համալսարանական տարիներին սկսել է ավելի շատ ժամանակ անցկացնել պանդոկներում կամ ճամբարային հավաքույթներում, քան ակտիվ կյանքով ապրել: «Տարիներ հետո պարզեցի, թե որքան թույլ են իմ մկանները, եւ որոշեցի հեծանիվ վարել: Իսկ 2004 թ. մարտի 13-ին կատարեցի իմ առաջին «ուղեւորութուն»-ը, որն ընդամենը 7 կմ էր»,-պատմում է Յարոսլավը: Նրանից պարզեցինք, որ մինչ օրս 45 երկրում է եղել, բոլոր եվրոպական երկրներում, իսկ հեծանվով այցելած միակ ոչ եվրոպական երկիրը Թուրքիան է:
Մեր զրույցի ժամանակ նրա դժվարություններին էլ անդրադարձ եղան, որոնք հիմնականում պայմանավորված են եղել սահմաններով. «Օրինակ, մի անգամ սահմանապահները թույլ չեն տվել, որ Ուկրաինա մտնեմ, քանի որ սահմանային անցումը հեծանվորդներինը չէր: Մի անգամ էլ թույլ չտվեցին, որ Լիտվայից գնամ Ռուսաստան, եւ ես ստիպված էի գնալ 70 կմ դեպի հարավ գտնվող մեկ այլ սահմանային անցակետ»:
Հարցրինք, թե իր ճամփորդության ընթացքում ինչ արտառոց բաների է հանդիպել: «Բավականին տարօրինակ էր այն պահը, երբ Լեհաստանի սահմանը կտրելով մտա Բելառուս: Կարծես թե քաղաքակրթությունից հետո մտնում ես մի անապատ: Բելառուսական կողմում իսկապես ոչինչ չկար: Ճանապարհների որակը «բացառիկ» էր, Բելառուսից հիշում եմ զինվորներին, մոծակներին եւ լռությունը»,- պատմում է Յարոսլավը:
Նա հավելեց, որ պատրաստվում է հեծանվով գնալ Մոլդովա, իսկ առաջիկա տարվա ընթացքում` Կիպրոս, Վրաստան, Հայաստան, Իսրայել եւ Մարոկկո: Ցանկություն ունի Դուբայ գնալ, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիա (Ղազախստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղըզստան), Հեռավոր Արեւելք եւ նույնիսկ Կանադա, ԱՄՆ ու Արգենտինա:
ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
03.11.2018