Լրահոս
Օրվա լրահոսը

Առակատիպ գիրք

Նոյեմբեր 05,2018 11:00

Գրիգոր Մելիք-Սարգսյանը ոչ միայն արդարադատության, այլեւ երգիծաբանության գեներալ է:

Մինչ անցնելը նրա նոր ծնված «Թաղվես դու, աղվես» առակախոսական գրքի բովանդակությանը, նշենք, որ հանրածանոթ Գ. Մելիք-Սարգսյանը ունի պրոֆեսորի, արդարադատության խորհրդականի, ազնվականի եւ իշխանի կոչումներ: Էլ չենք ասում, որ երգիծանքի գծով «Ոզնու» կրկնակի դափնեկիր է, ՀԳՄ, Արցախի, Համահայկական երգիծաբանների միությունների անդամ, Երեւանի Ավան վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու ատենապետը:

Մելիք-Սարգսյանը սրամիտ գյումրեցի-երեւանցի է կամ երեւանցի-գյումրեցի: Երգիծական գործերի մեծ մասը մտահղացել է Երեւան-Գյումրի գնալիս ու վերադառնալիս: Գուցե դրանից է, որ իրավաբան-երգիծաբան գեներալի գործերն այնքան սրամիտ են ու ազդեցիկ: Բազմաժանր ստեղծագործող է, բայց երգիծականն ավելի գերակշռող դիրք է գրավում: Ինչո՞ւ՝ կհարցնի ընթերցողը: Որովհետեւ իրավաբան է, գիտի կյանքի ստվերոտ կողմերը: Ինչ տեսնում, անմիջապես արձագանքում է: Գրիչը սուր է, անողոք, կրակահերթերն անվրեպ եւ ուժգին: Այնքան բեղուն է նրա գրիչը, որ 2018թ. արդեն երկու գիրք է հրատարակել, իսկ երրորդը սպասվում է տարեվերջին:

Անցնենք «Թաղվես դու, աղվեսի» բուն բովանդակությանը: Բազմաբովանդակ գիրք է: Համեմված է առակներին բնորոշ լեզվով, սարկազմով, այլակերպմամբ, անսպասելի սկիզբ-վերջաբանով, մի բան, որ հատուկ է նրա գրչին: Մի խոսքով՝ ժամանակի շնչով, ինչպես ասում են՝ հորով-մորով, հումորով գրված, հիրավի՝ Մելիք-Սարգսյանական…

«Թաղվես դու, աղվեսի» մուտքը ազդարարում է համանուն չափածո երգիծապատումը, որտեղ հեղինակը ընդհանրացնում է մարդկայինին ոչ հարիր երեւույթները:
Ահա հաստատումն այդ գործի չորրորդ քառատողի.
Աղվե՛ս, ինչքան էլ դիմակդ փոխես,
Տեղապտույտ տաս, կամ էլ թաքնվես,
Մե՛կ է, վերջապես ծուղակը կընկնես,
Մեծ Թումանյանի «Չարի վերջ»-ի պես:
Վերեւում ասվածի համաձայն, ասենք՝ նույնիսկ չափածո երգիծապատումների վերնագրերը կարդալիս, ընթերցողն անմիջապես կգուշակի, թե իրավաբան-երգիծաբանին, հասարակությանը ի՞նչ հարցեր, խնդիրներ են հուզում, ի՞նչ ելքեր են առաջադրվում:
«Ոչխար խուզելու փառատոնում» կարդում ենք.
Զուռնա-դհոլ նվագելով, նստած ավտո ու ֆայտոն,
Մեր երկրում կատարվում է հերթական մեծ փառատոն,
Ասում են այն կարեւոր է, նաեւ մի քիչ մազալու,
Պիտի ցույց տան, թե ինչպես են ոչխարներին խուզելու:

Ով ոչխարի բուրդ խուզի հեշտ, անվնաս ու արագ,
Նա կստանա դրամական մեծ պարգեւ ու մրցանակ,
Հին տերերի նման արդեն Բադեն-Բադեն կգնա,
Որ նրանց պես հանգստանա եւ հաճույքներ ստանա…
Մեջբերումներով չծանրաբեռնենք՝ թվարկենք որոշ երգիծական նյութերի վերնագրեր, որոնք խոստացվել էին վերեւում. «Թափոնները եւ թափթփուկները», «Առնետավազքին չենք խոչընդոտի», «Ի՞նչն է մեզ համար շատ վնասակար», «Նուբարաշենի կոյուղաջրերը», «Դռնփակ նիստեր», «Սուտասանների բալասանները», «Քիմն ու Թրամփը», «Կեղծ գեներալները»…
Քանի որ հեղինակը իշխանի եւ ազնվականի կոչումներ ունի, նրա մեծ ցանկությունն է ազնվական հայ վերադասին տեսնել ազնվականին վայել գործընթացներում, իսկ իշխանությունը ոչ թե միայն իշխի, գռփի, այլ իշխանավայել, պետականամետ գործեր կատարի:
Իրավաբան-երգիծաբանի հրատարակած 34 գրքերն էլ ծառայել են այդ սուրբ նպատակներին:
Ճշմարիտ է երգիծաբանը, երբ ինքն է իրեն ներկայացնում: «Դերասանական հմտություն չունեմ» չափածո քերթության մեջ խոստովանում է.
Ես նվագելու, երգել, պարելու
Դերասանական հմտություն չունեմ,
Ծամածռվելու եւ խոնարհվելու
Ունակությունից ի ծնե զուրկ եմ:
Միայն կարող եմ խորհել ու գրել
Մեզ հուզող բազում ցավերի մասին,
Կամ զավեշտալի դեպքեր ձեզ պատմել,
Որ խնդանք կամ էլ լացենք միասին…
Խոստովանությունն ավարտվում է այսպես.
…Եվ ինչպես կասեր մեծ Սայաթ-Նովան,
Իմ գիրն էլ, գուցե, ուրիշ գրեն է…

ՀՐԱՆՏ ՀՈՐԻԶՈՆ
ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑԻ

«Առավոտ»

03.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930