«Վրացական երազանքը» նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ իր կողմնակիցների ամբողջական մոբիլիզացիա է կազմակերպել: Կառավարությունն օրերս հայտարարել է հասարակության շրջանում հավանության չարժանացած մարիխուանայի օրինականացման մասին օրինագիծը հետ կանչելու, սոցիալական օժանդակությունը մեծացնելու մասին, եւ որ իր կողմնակիցները «Ոչ Միշային» կարգախոսով շարժում են սկսել:
«Այո, սա ինչ-որ չափով կապված է ընտրությունների հետ», – առանց խորամանկելու պատասխանել է պառլամենտի խոսնակ Իրակլի Կոբախիձեն պատրիարքարանի դարպասի առջեւ իրեն սպասող լրագրողների հարցին:
Նա եւ ՆԳ նախարար Գեորգի Գախարիան Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդին անձամբ են տեղեկացրել, որ իշխանությունը հետ է կանչում մարիխուանայի օլինականացման մասին օրենքի նախագիծը: Ուղղափառ եկեղեցին դեմ էր արտահատվել այդ գաղափարին, սակայն մինչեւ հիմա «Վրացական երազանքը» հոգեւորականության դիքորոշումը հաշվի չէր առնում: «Երազանքի» սկզբունքային դիրքորոշումը շատերը բացատրում են նրանով, որ մարիխուանայի օրինականացման օգտին է արտահայտվում կուսակցության նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին: Սակայն «Երազանքը» հիմա որոշել է հաշվի նստել ոչ միայն իր, այլեւ բոլոր խավերի կարծիքի հետ:
«Այո, մենք հաշվի ենք առել այս օրինագծի վերաբերյալ հասարակության դիրքորոշումը եւ այս սկզբունքային կարծիքը կձեւակերպվի կառավարության նիստում», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:
«Վրացական երազանքի» կառավարությունը միայն սա չի խոստանում: Վարչապետ Մամուկա Բախտաձեն խոստացել է, որ անապահով ընտանիքների երեխաների նպաստը հինգ անգամ կավելացվի եւ 10 լարիի փոխարեն կկազմի 50 լարի. «Սա ոչ մի կերպ չի առնչվում ընտրություններին», – շտապել է ավելացնել կառավարության ղեկավարը: Մամուկա Բախտաձեն, սակայն, հիշել է, թե ինչն է կապված ընտրությունների հետ՝ հայտարարելով, թե Վրաստանի նորագույն պատմությունում բռնատիրական ու ռեվանշիստական միայն մեկ քաղաքական ուժ կա, որը հասարակության հիշողության մեջ մնացել է, եւ դա «Ազգային շարժումն» է»:
Իսկ դա նշանակում է, ինչպես համոզում են իշխանության ներկայացուցիչները, թե երկրորդ փուլում ազգայնական շարժման եւ ընդդիմության մի մասի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն չպետք է հաղթի: Վրաստանի լուսավոր ապագայի երաշխավորը, Բախտաձեի խոսքով, «Վրացական երազանքն» է: Իսկ «Երազանքը» քվեարկում է Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին:
Իշխանության կուսակցությունն իր ակտիվը մոբիլիզացնում է բոլոր ուղղություններով: Մարզիկների, բիզնեսմենների եւ բանկիրների, հասարակական գործիչների տարբեր խմբեր մեկը մյուսի հետեւից հայտարարում են, թե թույլ չեն տա «Ազգային շարժման» եւ Միխայիլ Սաակաշվիլիի վերադարձը: Սոցցանցերում «Ոչ Միշային» խորագրով կամպանիա է սկսվել:
Սակայն ընդդիմության ճամբարում էլ ձեռքերը ծալած չեն սպասում երկրորդ փուլին: Ի պատասխան մարիխուանայի օրինականացման մասին օրինագծի հետ կանչման իշխանությունների որոշմանը, Գրիգոլ Վաշաձեն, որը «Ազգային շարժման» եւ «Ուժը միասնության մեջ է» շարժման թեկնածուն է, հրատապ բրիֆինգ է հրավիրել. «Վստահ եղեք, իշխանությունների բոլոր ճյուղերը վերահսկող Իվանիշվիլին հենց տիրի նաեւ նախագահի պաշտոնին, անպայման եւ ամենակարճ ժամկետներում այդ օրինագիծը հետ կբերի խորհրդարան, որովհետեւ օլիգարխը երբեք չի հրաժարվի 500 տոկոս շահույթից, ինչպես ինքն է ասել: Սակայն այդ նպատակին չի հասնի ոչ Իվանիշվիլին, ոչ իր, այսպես կոչված, «Վրացական երազանքը»: Որովհետեւ, երկրորդ փուլում Վրաստանի քաղաքացիների դիրքորոշումը նույնքան հստակ է լինելու, ինչպես առաջին փուլում: Եվ մենք անպայման կհաղթենք նախագահի ընտրություններում»:
Ընդդիմադիր թեկնածուին աջակցելու նպատակով նրա շտաբ այցելել են «Հանրապետական կուսակցության» լիդերները: Նրանք քվեարկելու են Գրիգոլ Վաշաձեի օգտին, ասել է կուսակցության նախագահ Խաթունա Սամնիձեն: Նրա խոսքով, նախագահի բազկաթոռը, որ կստանա ընդդիմությունը, հավասարակշռություն կբերի, ինչը ազդանշան, քայլ կդառնա, որպեսզի «Վրացական երազանքը» ու առաջին հերթին Բիձինա Իվանիշվիլին տեսնեն, որ ինքն ամենակարող չէ: Վրաստանի հասարակությունն առաջին փուլում նրան ասել է. «ոչ, փողով ամեն ինչ չես գնի»:
«Սա այն դեպքն է, որ վրացի դիտորդների մեծ մասը չի համարձակվում կանխագուշակել թեկնածուների շանսերը: «Վրացական երազանքը» ադմինիստրատիվ լծակներ ունի, սակայն դա նրան չօգնեց հենց առաջին փուլով հաղթել: Իշխանության եւ ընդդիմության առջեւ մեկ խնդիր կա՝ հնարավորին չափ շատ ընտրողի դուրս հանել: Նպատակին հասնելու համար երկու կողմերն էլ նույն մեթոդն են ընտրել: Կատարվում է այն, ինչը շատ ենք տեսել… Մենք չունենք եվրոպական տիպի քաղաքականություն, երբ կուսակցությունները խոսում են իրենց պլատֆորմի եւ արժեքների մասին: Ամբողջ քարոզարշավը կառուցված է նեգատիվիզմի վրա: Մարդիկ կանգնած են չարյաց փոքրագույնն ընտրելու առջեւ», -ասում է քաղաքագիտության ինստիտուտի տնօրեն Կորնելի Կակաչիան:
Երկրորդ տուրում մեկ քվեն կարող է վճռորոշ լինել, մանավանդ, որ Սալոմե Զուրաբիշվիլին (38,66 %) Գրիգոլ Վաշաձեից (37,7 %) ընդմենը մեկ տոկոս ավելի ձայն է հավաքել:
Երկրորդ փուլի անցկացման ճշգրիտ օրը դեռ հայտնի չէ: ԿԸՀ-ն դեռ չի հարապարակել: Օրենսդրությամբ կրկնական ընտրությունը, որում թեկնածուն հաղթում է ձայների պարզ մեծամասնությամբ. պետք է կայանա դեկտեմբերի 2-ից ոչ ուշ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ