«Միսս Երկիր-2018» տիտղոսը շնորհվել է Վիետնամի ներկայացուցիչ Ֆիոնգ Կհան Նգուենին՝ տեղեկացնում է Rappler հրատարակությունը: Գեղեցկության այս մրցույթի հաղթողը մարքեթինգ է ուսումնասիրում համալսարանում եւ ազատ խոսում է անգլերեն: Նգուենն ինքնակենսագրականում նշում է, որ շատ է սիրում կատուներին, քանի որ «այդ խելացի կենդանիները հիանալիորեն հարմարվում են շրջակա ցանկացած միջավայրի»:
Պարգեւատրումը կայացել է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում:
Մրցավարները նաեւ «Միսս Կրակ», «Միսս Ջուր», «Միսս Օդ» տիտղոսներ են շնորհել, համապատասխանաբար, Մեքսիկայի, Կոլումբիայի եւ Ավստրիայի ներկայացուցիչներին:
«Միսս Երկիր» մրցույթն անցկացվում է Ֆիլիպիններում՝ 2001 թվականից, եւ «Միսս Աշխարհի» հետ միասին համարվում է գեղեցկության ամենահեղինակավոր մրցույթներից մեկն աշխարհում: Այն ուղղված է շրջակա միջավայրի խնդիրների մասին իրազեկվածության բարձրացմանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ