Հրազդանի նորընտիր քաղաքապետ Սեւակ Միքայելյանը երեկ ներկա էր լողի Հայաստանի պատանիների առաջնությանը: Նա եկել էր հետեւելու իր քաղաքի պատանի լողորդների մասնակցությանը, որոնք Հրազդան քաղաքում մի քանի ամիս առաջ հիմնանորոգված լողավազանում մարզվելուց հետո առաջին անգամ հավաքական թիմով կասնակցում են հանրապետության առաջնությանը:
Օգտվելով առիթից, Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակում է Հրազդանում սպորտը, առողջ ապրելակերպը:
«Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանին այս միջոցառմանը ներկա գտնվելու հրավերի համար: Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին, մրցանակակիրներին, նրանց մարզիչներին եւ բոլոր մասնակիցներին: Ինչ վերաբերում է ձեր հարցին, սրտի ցավով պիտի նշեմ, որ մեր քաղաքը բոլոր ոլորտներում բավականին հետ է մնացել: Այդ թվում նաեւ սպորտում: Սա է իրականությունը: Հրազդանցին բոլոր հարցերում անտեսված է եղել: Ընդամենը մի քանի օր է, ինչ անցել եմ աշխատանքի: Լինելով հրազդանցի՝ դրանից առաջ էլ քաջատեղյակ եմ եղել քաղաքի բոլոր խնդիրներին: Չկա մի թաղամաս, որ բազմաթիվ խնդիրներ չունենա: Քաղաքապետի ընտրություններից առաջ, ընտրություններից հետո՝ շնորհակալական քայլարշավների ժամանակ ու հիմա էլ հնարավորին չափ շատ շրջում եմ քաղաքում, այցելում բոլոր թաղամասերը, զրուցում ժողովրդի հետ: Աղետալի վիճակ է: Ոչ նորմալ զբոսայգի կա, ոչ մայթ, ոչ խաղահրապարակ, որպեսզի մարդիկ կարողանան իրենց ազատ ժամանակն անցկացնել, որ ծնողն իր երեխայի հետ մարզազգեստ հագնի ու զբաղվի սպորտով: Ամեն մի թիզը վաճառված է կամ տրված է վարձակալության: Շտկելու հսկայական աշխատանք կա բոլոր ոլորտներում: Մարդկանց առողջությունը, սպորտը համարում եմ իմ առաջնային խնդիրներից մեկը: Պիտի անել հնարավոր ամեն բան քաղաքը ապրելու համար հարմարավետ դարձնելու համար: Տարին դեռ չի ավարտվել, սակայն բյուջեն արդեն դատարկ է: Ավելին՝ հարյուրավոր միլիոնների պարտք կա պետությանը, Համաշխարհային բանկին: Դրա համար հիմա իմ թիմով զբաղված ենք լրացուցիչ միջոցներ հայթայթելով: Թերեւս միակ դրական բանը, որ ստացել եմ ժառանգություն, դա հիմնանորոգված լողավազանն է, որտեղ այսօր մարզվում է հարյուրից ավելի երեխա, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել կազմել ինը հոգանոց հավաքական թիմ եւ առաջին անգամ մասնակցել Հայաստանի առաջնությանը: Ճիշտ է, այսօր մեր այդ երեխաներից բարձր արդյունքներ ակնկալել դեռ վաղ է, բայց վստահ եմ, որ նրանք ոչ հեռու ապագայում իրենց խոսքը կասեն, որովհետեւ հրազդանցին ուժեղ է թե մարմնով, թե հոգով, թե գաղափարով: Նրան պետք է պայման ու հնարավորություն տալ», – ասաց երիտասարդ քաղաքապետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ