Գլխավոր դատախազությունը մերժել է գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբանի միջնորդությունը` իր պաշտպանյալին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 2-ին այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող Սամվել Մայրապետյանին, այս մասին Tert.am–ի հետ զրույցում տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը:
Արման Թաթոյանի հետ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում Սամվել Մայրապետյանը մասնավորապես նշել է, որ առողջական խնդիրների պատճառով ունի հատուկ սննդակարգի, բժշկական մշտական հսկողության ու խնամքի կարիք, ինչը քրեակատարողական հիմնարկի պայմաններում հնարավոր չէ ապահովել: Բացի այդ, լինելով Հ2 հեռուստաընկերության գլխավոր տնօրենը, այս պահին, ամբողջ ունեցվածքի վրա կալանք դնելու պատճառով, չի կարողանում լրացուցիչ ֆինանսավորել հեռուստաընկերությունը, ինչը կարող է հանգեցնել հեռուստաընկերության փակման:
Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը)։
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ գործարարի անվան հետ կապված քրեական գործը վերաբերում է 2008 թվականին: