«Ռոլան» փառատոնի կազմկոմիտեն որոշել է այս տարի շեշտադրումները Երեւանից տեղափոխել մարզեր, մեր նպատակն էր մարզերը առավելագույնս մասնակից դարձնել փառատոնին, ու իսկապես հասել ենք դրան»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը, որն ավելի վաղ ասել էր, որ փառատոնն այս տարի նվիրվում է Շառլ Ազնավուրին:
Նրանից տեղեկացանք, որ «Ռոլան» փառատոնը Երեւանում եւ մարզերում կկայանա միաժամանակ՝ նոյեմբերի 6-10-ը Երեւանում եւ Արցախում, 5-11-ը Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արմավիրում եւ Կոտայքում:
Տիկին Նունեն հայտնեց, որ այցելել են մարզեր, ուսումնասիրել բոլոր մշակույթի տները: Իրենք նախորդ տարիներին ֆիլմեր են ցուցադրել դպրոցներում, մանկատներում, հիվանդանոցներում, ամենուր, որտեղ հնարավոր էր, այս տարի եւս այդ գիծը չի փոխվի «Փառատոնը բազմաշերտ է, այն եւ մշակութային միջոցառում է, եւ ուսուցողական նշանակություն ունի՝ ներառելով պրեմիերաները, վարպետության դասընթացները, իսկ հաջորդ բաղադրիչը սոցիալականն է: Մենք ցանկանում ենք, որ բոլոր խավերը հաղորդակից լինեն ու մասնակցեն փառատոնին»,-ասում է մեր զրուցակիցը: Նաեւ ընդգծում է, որ փառատոնը իր բոլոր չափանիշներով, անվանակարգերով համապատասխանում է եվրոպական մանկապատանեկան կինոփառատոններին:
Նա շեշտեց հատկապես «Պատիվ ունեմ» անվանակարգը, որը ստեղծվել է 2013-ից՝ Պաշտպանության նախարարության հետ միասին, ժյուրիի կազմում զինծառայողներ են ընդգրկվում: Մյուսը կարեւորագույն անվանակարգը, ըստ Նունե Մանուկյանի, «Ես իրավունքներ ունեմ»-ն է, որ ստեղծվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ:
Մուտքը ֆիլմերի ցուցադրությանն ազատ է, եւ մեր զրուցակիցն ասում է, որ սկզբունքորեն 18 տարի ոչ մի տոմս չեն վաճառել, որպեսզի ամենաանվճարունակ ընտանիքների երեխաներն էլ կարողանան մասնակցել փառատոնին: Նա տեղեկացրեց, որ փառատոնային օրերում Գյումրու կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում, Իսահակյանի տուն-թանգարանում, «Թռչունյան տուն» երեխաների խնամքի եւ աջակցության կենտրոնում, Գյումրու մի քանի դպրոցներում, Վանաձորի Աբելյանի անվան թատրոնում, Մարտունու թիվ 2 դպրոցում, Էջմիածնի մշակույթի տանը, Զովունիի մշակույթի կենտրոնում եւ այլուր կցուցադրվեն փառատոնի լավագույն ֆիլմերը: Երեւանում ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում, Կինոյի տան վերանորոգված դահլիճում, «Թումոյում», Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում, Հայ-ռուսական համալսարանում, դպրոցներում:
«Փառատոնը ինչպես ավանդական է, այնպես էլ ամեն տարի չի կրկնվում, փառատոնը օգտագործում ենք որպես հարթակ միջմշակութային երկխոսությունը խորացնելու համար»,- վստահեցնում է տիկին Մանուկյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ