Ինչպես տեղեկացրել ենք, ռուս զինծառայողի կնոջ բռնաբարության փորձի մեջ կասկածվող գյումրեցի 28-ամյա տաքսու վարորդի հարազատներն այսօր փակել էին Գյումրու ամենաբանուկ փողոցներից մեկը՝ Հաղթանակի փողոցն ու բողոքի ակցիա էին անցկացնում Շիրակի դատախազության շենքի դիմաց։ Երիտասարդի ծնողները պնդում էին, որ իրենց տղան հոկտեմբերի 29-ին առավոտյան ժամը 08․30-ին տանն է եղել՝ քնած, հետևաբար և չէր կարող թակել ռուս կնոջ դուռն ու փորձեր նրան բռնաբարել։ Նրանք պահանջում էին անհապաղ ազատել արձակել իրենց որդուն ու «ռուս կնոջ համար ուրիշ բռնաբարող գտնել»։
«Հերիք է ռուսի գերին չենք մեր քաղաքի մեջ, սաղ քաղաքը իրար է խառնել, ռուսը մի ամբողջ գերդաստանի վերացրեց, բա էդ ժամանակ քննություն անեիք, ո՞ւր էիք․․ Բա մի հատ գայիք, մեզ էլ լսեիք, հո անմեղ, նշանված տղուն վարկաբեկելով չէ։ Չեք կարող աշխատել, դուրս եկեք, նորմալ քննիչներ աշխատեն։ Մեր տղան 11․30-ին արթնանում է քնից, ասում են դու ժամը 8․30-ին բռնաբարություն ես արել։Ռուսները եկան ոստիկանություն, մենակ տեսնեիք, մեր ոստիկանները տարան, կոֆե հյուրասիրեցին, տաք տեղը նստեցրեցին, հետները գործ եք անում, կանգնեք, տղամարդավարի ասեք՝ գործ ենք անում։ Արդարությունը Գյումրի էլ թող մտնի, էս ի՞նչ բան է։ Մի բան էլ քրեականի պետը ծեծում է մեր տղային, հարվածելու փոխարեն գնացեք ճիշտ մարդու բռնեք, իսկ քննիչը համոզել է, թե վրադ վերցրու, կփակենք գործը, էս ի՞նչ երևույթ է»,- ասում էին ծնողները։
Նշանածն արտասվում էր, ասում, որ նա նման բան չէր կարող անել։
Հարազատներին ընդունեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։ Դատախազի առանձնասենյակում էր նաև Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը։
Շիրակի դատախազը լսեց հարազատներին, նրանց բացատրեց, որ իրեն բողոք պետք է հղեն ոչ թե բանավոր, այլ գրավոր։ Նա ասաց, որ հարցը քննվելու է ոչ թե ճանապարհ փակելով, այլ իրավական հարթության մեջ։
«Որ եկել, ճանապարհ եք փակում, ձեր դժգոհությունն եք հայտնում, այսօր մենք բազմաթիվ քրեական գործեր ունենք, որոնց շրջանակում խափանման միջոց ընտրվել է կալանքը, պատկերացրեք բոլորի հարազատները գան, ճանապարհը փակեն, թե բաց թողեք մեր հարազատներին։ Եթե համաձայն չեք, բողոքարկեք Վերաքննիչ դատարան, եթե դատարանը գտավ՝ հիմքեր չկան կալանավորման, թող ազատ արձակեն»,- ասաց դատախազը։
Շիրակի մարզպետը ևս հորդորում էր իրավական ճանապարհով բողոքել, ոչ թե ճանապարհ փակելով։
Փաստաբան Էդգար Թումասյանը, որը դատախազության նախկին աշխատակից է և որին դատախազ Կարեն Գաբրիելյանը բնութագրեց որպես գրագետ անձնավորության, նշեց, որ քննիչը թերի աշխատանք է կատարել, հարազատներին չի հարցաքննել, դատարան կեղծ տվյալ է ներկայացրել։ Նա նաև իր մտավախությունը հայտնեց առ այն, որ բռնաբարության հոդվածի դեպքում քրեակատարողական հիմնարկներում մեղադրյալներին սովորաբար ենթարկում են խոշտանգումների։ Դատախազը խոստացավ ապահովել երիտասարդի անվտանգությունը։
«Ոչ, տղաս չի գնալու Արթիկի գաղութ, չի լինելու նման բան, նա անմեղ է»,-ասում էր հայրը։
Հարազատները դատախազին խնդրում էին բաց թողնել երիտասարդին գրավի դիմաց ու շարունակել քննությունը, իրենք հարկ եղած դեպքում տղային չեն թողնի տնից դուրս գալ, եթե կա մտավախություն, թե նա, ազատության մեջ մնալով, կխոչընդոտի նախաքննության ընթացքը։ Դատախազը հայտարարեց, որ որևէ անմեղ մարդ չի պատժվելու, ինքը կապահովի օբյեկտիվ քննություն։
Ի դեպ, դատախազի հետ զրույցից պարզվեց, որ ռուս կինը նախկինում խնդիր է ունեցել այլ անձի հետ, տվյալ անձը ևս հարցաքննության է ենթարկվել։
Երիտասարդի հայրը, մեջբերելով ռուս կնոջ ցուցմունքն, ասաց․«Տանդ դուռը կթակեն, դու առանց դեմքին նայելու, թե ով է, կբացես ու կմտնի՞ս բաղնիք, հեքիաթ է գրած, կստացվի՝ էդ ռուս կնիկը փափագած կսպասեր, որ իմ տղաս գնար, իրան բռնաբարե՞․․․ Ախր էնպիսի բան է գրած, իսկը հեքիաթ»։
Կարեն Գաբրիելյանն ասաց՝ սուտ մատնություն կատարողը ևս կպատժվի։
Դատախազի հետ հանդիպումից հետո հարազատները բացեցին փողոցը, նրանք պատրաստվում են խափանման միջոցը փոխելու գրավոր միջնորդություն ներկայացնել դատախազին։
Նունե ԱՐԵՎՇՏՅԱՆ