Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ում ինչքան գումար է նախատեսված 2019-ին

Նոյեմբեր 03,2018 16:14

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը բյուջետային քննարկումների համատեղ նիստում ասաց, որ 2018 -ին իրականացնում են պետական բյուջեով հաստատված երեսուն ծրագիր, որոնց համար նախատեսված է19 միլիարդ 686 մլն դրամ: Ասաց, որ որոշակի խնայողություններ են արել պայմանավորված դրամաշնորհներով: Հավելեց, որ գալիք տարվա համար նախատեսված է 11 ծրագիր եւ նախատեսված է 41 միջոցառում, որոնց համար նախատեսված է 20 մլդ 697մլն դրամ:

Ի թիվս այլ հարցերի, նա խոսեց այն մասին, որ 2019-ին քսաներեք համայնքներում նախատեսվում է հիմնանորոգել եւ համայնքներին տրամադրել ջրագծերի, առողջապահության, հատուկ խնամքի ենթակառուցվածքներ, կառուցել ջրագծեր, ոռոգման համակարգեր: 2019-ի համար ավարտման ենթակա միկրոծրագրերի թիվը երեսունն է:

ՍԴ աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ ՍԴ-ին հատկացվել է 704 մլնի չափով գումար, եւ նրա խոսքով ՍԴ-ի բյուջեն վերջին տասնհինգ տարիներին մնացել է մոտավորապես նույնը: Ասաց, որ էներգետիկ, կապի, տրանսպորտային եւ այլ ծառայությունների ոլորտում նվազեցումներ ունեն, սակայն ավելացումներ կան՝ համակարգիչների ձեռքբերման համար, ինչը պայմանավորված է էլեկտրոնային համակարգի ներդրմամբ: Ասաց, որ ունեն նույն խնդիրը, ինչ ԱԺ-ն խոսքը վերաբերվում է վերանորոգմանը եւ պահպանմանը:

ԲԴԽ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը նշեց, որ պատրաստվում են նվազեցնել արդարադատության ոլորտի ծախսատարությունը, նաեւ կոռուպցիան; Նշեց, որ ռազմավարական միջոցառումների ծրագիրը նախապատրաստման փուլում է: Փոլադյանը նշեց, որ իրենց բյուջեի նախագիծը կազմում է12 միլիարդ 380 մլն 667 հազար դրամ: Նշեց, որ ԲԴԽ-ն մշակել եւ հրապարակել է համակարգի համալիր բարելավման հայեցակարգ: Խոսեց էլեկտրոնային արդարադատության համակարգից, դատավորների անկախության երաշխիքներից:

Ասաց, որ ԲԴԽ-ի բնական գործունեության ապահովման համար 1 մլրդ 433 մլն դրամ է հատկացված, որի ութսունութ տոկոսը բաժին է ընկնում աշխատավարձերին: Հավելեց, որ 703 մլն դրամ է հատկացված տեխնիկական միջոցների հատկացման համար: Հավաստիացրեց, որ միջոցները հնարավորինս արդյունավետ կօգտագործվեն:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասաց, որ 452 միլիոն 644 000 դրամ գումար է կազմում իրենց բյուջեն: Խոսեց իրենց ծանրաբեռնվածության աճից, նախորդ տարիների համեմատ բողոքների ու գանգատների մեծ թվից: Ասաց, որ 10000 բողոք են ստացել վերջին տասն ամիսներին; Թաթոյանը նաեւ նշեց, որ ՀՀ ՄԻՊ-ի փորձը լավագույնն է ճանաչել եւ այն կներդրվի Հյուսիսային Աֆրիկայի, Կենտրոնական Եվրոպայի, Միջին Ասիայի եւ այլ երկրներում:

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ԱԺ-ում ներկայացրեց ԱՆ հաջորդ տարվա բյուջեն եւ ծրագրերը: Ասաց, որ 1 մլրդ 229 մլն 647 հազար դրամ է նախատեսված 2019-ի համար: Նշեց, որ առաջարկվում է հանրային պաշտպանների թիվը հինգով ավելացնել եւ բնականաբար`  բյուջեն ավելացնել:

Ի թիվս այլ թվային տվյալների, Արտակ Զեյնալյանը նշեց Հանրային պաշտպանի ծառայությունների իրականացման գումարը նույնն է մնացել, ինչ անցյալ տարի, փորձաքննությունների ոլորտում էլ համարյա նույն գումարն է:

ՀՀ դատախազության գլխավոր քարտուղար Համայակ Նավասարդյանը նշեց, որ նախատեսվում է գալիք տարվա բյուջեից դատախազությանը հատկացնել 5 մլրդ 39 մլն դրամ՝ երեք ծրագրերով: Ի թիվս այլնի, ասաց, որ դատախազության ներկայացուցչական ծախսերը հավասարեցվել է 8 մլն դրամի:

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը նշեց, որ իրենց բյուջեն ավելի պարզ է եւ մանրամասն քննարկվել է կառավարությունում եւ համապատասխան հանձնաժողովում: Ասաց, որ 2019-ի համար կրճատել են գործուղումների ծախսերը, քանի որ արտասահմանյան գործուղումները ֆինանսավորվում են այն միջազգային կազմակերպությունների կողմից, որոնց հետ համագործակցում են: Ասաց նաեւ, որ պարգեւատրման եւ խրախուսումների մասով ունեն 24 մլն աճ, աշխատավարձերը պակասել են 26 մլն-ով:

Քննչական կոմիտեի դեպարտամենտի պետ Արամ Նիկոյանը նշեց, որ գալիք տարի նախատեսված է 7 մլրդ 839 մլն դրամ: Ասաց, որ այդ գումարը աճել է ավելի քան 24 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ:

ՀՔԾ պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը նշեց, որ գալիք տարվա բյուջեով նախատեսված է 723 մլն 600 000 դրամ, ինչը 15,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ: Ասաց, որ 2019-ին քննիչները պետք է պարտադիր վերապատրաստվեն, որի համար նախատեսված է 1 միլիոն չորս հարյուր հազար դրամ: Հավելեց, որ ՀՔԾ քննիչների ծանրաբեռնվածությունն անհամեմատ ավելացել է:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը զեկուցման մեջ նշեց, որ նախատեսվել է 360 մլն 907 հազար դրամ որպես պետական մարմնի պահպանման ծախս, առկա է 74 հաստիքային միավոր, գումարի հիմնական մասն էլ վերաբերվում է աշխատավարձերին: Եկող տարվա հետ կապված էլ նշեց, որ ՏԻՄ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար նախատեսվել է 734 մլն դրամ: Հերթական ընտրությունները կկայանան 58 համայնքներում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930