Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոմանք հանրությանը համոզել են, որ իրենք հեղափոխության կրողներ են». փոխվարչապետի նախկին օգնական

Նոյեմբեր 03,2018 15:51

«Ներկայում չունենք դաշինք կազմելու առաջարկ: Մեր աշխատանքային քննարկումներում մինչ այս պահը չի հնչեցվել տեսակետ, որ մենք ինչ-որ մեկին առաջարկելու ենք դաշինք կազմել: Երբ առաջիկայում կլինեն նման հարցի շուրջ քննարկումներ կամ այլ քաղաքական ուժերի կողմից առաջարկներ, կանդրադառնանք դրանց՝ մեր արժեքների եւ գաղափարների շրջանակում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե որ քաղաքական ուժերի հետ են տեսնում համագործակցության եզրեր, ասաց նորաստեղծ «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախկին օգնականը, որը վերջերս սեփական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից: Հիշեցնենք՝ դեռ հստակ չէ՝ կուսակցությունը մասնակցելո՞ւ է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: «Երբ մասնակցելու միասնական որոշում լինի, պատրաստ ենք մեր ջանքերը ներդնել: Իսկ եթե չմասնակցենք, շարունակելու ենք կուսակցական գործունեությունը»,-վստահեցրեց Միքայել Նահապետյանը:

Ինչ վերաբերում է այն փաստին, որ ընտրությունները կայանալու են «հին» Ընտրական օրենսգրքով, նա նկատեց. «Վարկանիշային ընտրակարգն ապաքաղաքական մեխանիզմ է, բայց եթե կա համոզմունք, որ ընտրությունների արդյունքները մեխանիկորեն չեն կեղծվելու, ընտրակաշառքի լայնածավալ բաժանում չի լինելու, անգամ ապաքաղաքական ընտրակարգով հնարավորություն կա մասնակցելու, թեեւ մեր կուսակցության համար վարկանիշայինն անընդունելի է»:

Իսկ թե որ քաղաքական ուժերի հետ են համագործակցությունը բացառելու, Միքայել Նահապետյանն ընդգծեց. «Գործակցության եզրը մեր արժեքներն են եւ ընթացիկ քաղաքական օրակարգերը, որոնցից դուրս գտնվող քաղաքական ուժերի հետ գործակցությունը կբացառենք: Հեղափոխությունը մի իրավիճակ է, երբ որոշ ուժեր հանրությանը համոզել են, որ իրենք հեղափոխության կրողներ են եւ շարժվում են դրա օրակարգով, որոշ ուժեր էլ չեն կարողացել համոզել: Այս պատճառով տեղի է ունեցել-«հեղափոխական-հակահեղափոխական» բաժանումը, ինչը բնական է: Առաջիկայում աստիճանաբար պետք է «սեւերի-սպիտակների» եւ «հեղափոխականների-հակահեղափոխականների» մասին քննարկումները ձեւափոխվեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Մի՞թե այդքան արտառոց ու «հերոսական» բան է արել երիտասարդը,որ հրաժարական է տվել: Նոր կուսակցություն են ստեղծել, այդ պատճառով էլ հրաժարական է տվել: Մի քանի լրատվամիջոցներ գովազդի նման հարցազրույցներ են վերցնում, լուսանկարներով, շեշտադրումներով: Հիմա շատերն են այս կամ այն կերպ ուզում ինքնահաստատվել: Կարիք չկա գովազդի վերածել:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930