Կովկասյան տարածաշրջանից եկած հանցագործները հզոր ցանց են ստեղծել Գերմանիայում: Երեք տարի շարունակ քննիչները գաղտնի գործողության շրջանակում փորձել են ձերբակալել հայկական մաֆիայի ներկայացուցիչներին, բայց անարդյունք, գրում է գերմանական Der Spiegel թերթը: Խիստ գաղտնի հատուկ գործողությունն իրականացվել է Fight against thieves in law («Պայքար օրենքով գողերի դեմ») ծածկագրով՝ Քրեական ոստիկանության դաշնային գերատեսչության ղեկավարությամբ: Այդ գործողությունը դարձել է ամենամեծ քննություններից մեկը Գերմանիայում՝ կազմակերպված հանցավորության դաշտում:
Թերթը գրում է, որ 2014թ. հուլիսին Էրֆուրտում փոխհրաձգություն էր տեղի ունեցել երկու հանցավոր խմբավորումների միջև: Այդ ժամանակ 14 քրեական գործ էր հարուցվել 42 մարդու դեմ, որոնք կասկածվում էին ֆինանսական խարդախությունների մեջ: Թերթի տրամադրության տակ եղած տեղեկությունները փաստում են, որ հայկական մաֆիա Գերմանիայում «իսկապես գոյություն ունի». Այն համագործակցում է ռուս-եվրասիական հանցավոր շրջանակների այլ խմբավորումների հետ, ունի «զգալի ֆինանսական» ռեսուրսներ և կարող է «սպառնալ իրավական պետության հիմքերին»: Այնուամենայնիվ, ապացույցների ոչ բավարար լինելու պատճառով քննության արդյունքները դեռ չեն հանգեցրել մեղադրանքների առաջադրման և քրեական գործերի հարուցման:
Թերթը գրում է, որ միջադեպն ազդել է նաև դիվանագիտական հարաբերությունների վրա: Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը գերմանացի քննիչներին իր օգնությունն է առաջարկել հայկական մաֆիայի դեմ պայքարում: Սակայն Քրեական ոստիկանությունը հրաժարվել է այդ համագործակցությունից՝ նկատելով, որ քննիչները չեն բացառում օրենքով գողերի կապը Հայաստանի պետական կառույցների հետ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ