«Առաջին անգամ վիրավորվել եմ ապրիլին: Ոտքերիս այրվածքներ էի ստացել, հետո աշխատում էի տանն այդ մասին չխոսել, մայրս շատ էր մտածում…եթե առաջ օրական հինգ անգամ էր զանգում, այդ դեպքից հետո՝ տասը անգամ»,-«Քաղաքացու որոշում» նորաստեղծ կուսակցության առաջին համագումարում այսօր պատմեց կուսակցության անդամներից Աստղիկ Մելքոնյանը: Հիշեցնենք, որ նորաստեղծ քաղաքական ուժի անդամները հիմնականում «Իմ քայլը» ժողովրդական շարժման մասնակիցներ են, քաղաքացիական ակտիվիստներ: Հիշեցնենք նաեւ, որ ապրիլի 16-ին Բաղրամյան Պողոտայում Նիկոլ Փաշինյանի առաջնորդած երթի մասնակիցների դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց. կային վիրավորներ:
Աստղիկը շարունակեց պատմությունը. «Երկրորդ դեպքը տեղի ունեցավ ապրիլի քսաներկուսին, երբ հատուկ միջոցներ կիրառվեցին, երբ պատգամավորներին առեւանգեցին: Խառնաշփոթից հետո զանգ եմ ստանում: Համոզված էի, որ մայր է, պարզվեց՝ հայրս է: Նրա հետ հաճախ չէի խոսում հեռախոսով: Ասացի, որ ամեն ինչ կարգին է, որ չանհանգստանա, բայց հայրս ասաց, որ ինքը չի անհանգստանում, այլ մայրս է ասում՝ «բա որ երեխայիս ծեծեն, ջարդեն…»: Իսկ հայրս ասում էր՝ «ես հանգիստ եմ, ես գիտեմ, որ եթե հեղափոխություն է, կարող են ծեծել, ջարդել, անգամ՝ կյանքը խլել»:
Այդ ժամանակ Աստղիկը հորը հարցրել է՝ պատրա՞ստ է նրան, որ այդ կյանքը կարող է իր երեխայինը լինել. «Հայրս ասաց՝ «ես գիտեմ, որ նման բան կարող է լինել, թեեւ պատրաստ չեմ դրան»…Այնքան երջանիկ էի այդ պահին, չեմ կարող նկարագրել՝ ի՞նչ էի զգում: Հիմա երջանիկ եմ, որ ոչ մի սպառնալիք չստիպեց ընտանիքիս հեռանալ երկրից: Իսկ սպառնալիքներ մեր ընտանիքի հանդեպ եղել են»:
https://www.youtube.com/watch?v=VXJ8FWf8r1E
https://www.youtube.com/watch?v=Nr4oX3tJfto
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ