Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 3-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսելով որոշ քրեակատարողական հիմնարկների անմխիթար վիճակի մասին, ասաց, որ կա կառավարության որոշման նախագիծ պահուստային ֆոնդից գումար տրամադրելու համար, իրենք էլ միջոցներ են հայթայթում վերանորոգումների համար;
«Առնվազն երկու քրեակատարողական հիմնարկ ենթակա է փոխարինման՝ Նուբարաշեն ՔԿՀ-ն եւ Գորիսի ՔԿՀ-ն: Մենք նաեւ նախատեսել էինք գալիք տարվա ծախսերում նոր ՔԿՀ-ի մեկնարկի համար մեկ միլիարդ դրամ գումար (ընդհանուրը 4,9 միլիարդ է), դա Գորիսի ՔԿՀ -ի փոխարինման համար նախատեսված գումարն էր, սակայն այդ դեռեւս ընդգրկված չէ՝ պայմանավորված բյուջետային սղությամբ»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:
Պարոն Զեյնալյանը անցումային արդարադատության համակարգի ներդրմանն էլ անդրադարձավ: Նա նշեց, որ այդ հարցը հնարավոր է լուծել նոր խորհրդարանի ձևավորումից հետո: Հավելեց, որ անցկացվում են խորհրդակցություններ, ժողովներ, կատարվում համապատասխան ուսումնասիրություններ, սակայն դեռևս վաղաժամ է այդ հայեցակարգը հանրությանը ներկայացնելը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ