Հիմնադիր-համագումարով այսօր գործունեությունն է սկսում «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որի կորիզը կազմում են հիմնականում քաղաքացիական ակտիվիստները: Քանի որ արտահերթ ԱԺ ընտրություններին քիչ ժամանակ է մնացել(քարոզարշավը սկսվելու է նոյեմբերի 26-ից), կուսակցությունը մասնակցության որոշում դեռ չի կայացրել, քանի որ դեռ պետք է պետական գրանցում ստանա: Կուսակցության համահիմնադիրները լրագրողների հետ զրույցում նշեցին՝ անկախ նրանից՝ կհասցնե՞ն մասնակցել ընտրություններին, թե ոչ, շարունակելու են իրենց գործունեությունը: Իսկ թե ինչպիսի դիրքերից են հանդես գալու քաղաքական դաշտում, պարզ կլինի առաջիկա քննարկումների արդյունքում:
«Մեր աշխատանքները լինելու են թափանցիկ: Կուսակցության ղեկավար մարմնի նիստերը հեռարձակվելու են, եւ դրանք կարող են տեսնել բոլոր ցանկացող քաղաքացիները: Համաձայնեք, որ հեշտ չէ տեսախցիկի առաջ նստել ու աշխատել: Մյուս կուսակցություններն ինչո՞ւ այդպես չեն աշխատում: Կարծում ենք՝ մենք համակարգային ազդեցություն կունենանք մեր օրինակով»,-հայտարարեց կուսակցության անդամներից Արեգ Թադեւոսյանը, որը «Միջմշակութային ուսումնասիրությունների ուսուցման եւ երկխոսության միջազգային կենտրոնի» ծրագրերի համակարգողն է:
Նրա գնահատմամբ՝ ներկայում քաղաքական դաշտը ամայացել է, քանի որ մեծ քանակի «աղբ» է դուրս մղվել. «Քաղաքական դաշտում հայտնված շատ մարդիկ էլ դեռ չեն հասկանում, թե ուր են եկել: Վստահ եմ՝ կարճ ժամանակ անց ունենալու ենք իրավիճակ, որ շատերը պատիվ են համարելու լինել այս կուսակցության անդամ»:
https://www.youtube.com/watch?v=VXJ8FWf8r1E
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ