Ռուս հայտնի բլոգեր Իլյա Վարլամովին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան: Միջադեպի մասին Վարլամովը պատմել է իր բլոգում:
«Անձնագրերի ստուգման պատուհանի մոտ աղջիկը միանգամից մի կողմ դրեց իմ անձնագիրը և օգնական ուժ կանչեց: Սկսվեցին ինչ-որ զանգեր, իսկ ինձ ուղարկեցին սպասելու փոքրիկ տաղավարում:
Երկու ժամ անց մոտեցավ սահմանապահների պետը և ասաց, որ իմ հետ կապված որոշակի հարցեր կան, և պետք է սպասել… Բայց սահմանին ոչինչ չգիտեն: Ասում են, որ իմ մասին զեկուցել են ղեկավարությանը և պատասխանի են սպասում: Երբ կլինի պատասխանը՝ հայտնի չէ: Ի՞նչ է կատարվում: «Դուք երևի ավելի լավ գիտեք՝ ինչ խնդիրներ ունեք»:
Եվս 30 րոպե անց ինձ հայտնեցին, որ «իմ ներկայությունն Ադրբեջանում ցանկալի չէ»: Պատճառներ չնշեցին: Ղեկավարությունը հանձնարարել է թույլ չտալ, և այժմ ինձ արտաքսում են…
Լեռնային Ղարաբաղ երբեք չեմ այցելել, Ադրբեջանի օրենսդրությունը չեմ խախտել: Հնարավոր է՝ պատճառը Բաքվի մասին իմ հին հրապարակումներն են: Բայց այստեղ արդեն Ադրբեջանի ԱԳՆ-ն կիմանա՝ ինչից են նեղացել»,- գրել է բլոգերը՝ հավելելով, որ Բաքվից սեփական միջոցներով մեկնել է Ստամբուլ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ