Նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը ԱԺ-ում կայացած բյուջետային քննարկումների ժամանակ ներկայացնելով իրենց՝ գալիք տարվա բյուջետային հայտը նշեց, որ գումարը ուղղված է կանոնադրական խնդիրների իրականացմանը՝ Սահմանադրությամբ վերապահված ՀՀ նախագահի լիազորությունների իրականացման պատշաճ որակի ապահովմանը:
Պարոն Տարասյանը նշեց, որ 2019 թ. համար նախատեսված բյուջեն է 1 միլիարդ 183 միլիոն 834 հազար դրամ; Նրա խոսքով, իրենք 741 միլիոնով պակաս բյուջետային հայտ են ներկայացրել՝ անցյալ տարվա համեմատ:
Ասաց, որ էներգետիկ եւ տրանսպորտային եւ այլ ծառայությունների մասով էլ ունեն նվազեցում: Հիշեցրեց, որ Էյրբաս Ա-319-132 տեսակի օդանավը հանված է նախագահի աշխատակազմի հաշվեկշռից, ինչի հաշվին նույնպես ծախսեր են կրճատվել:
Էմիլ Տարասյանը հավելեց, որ երեսունից ավելիր թափուր հաստիք ունեն գալիք տարվա համար, եւ այդ մարդկանց աշխատանքը պատշաճ կազմակերպելու համար կարիք կունենան համակարգչային տեխնիկայի ձեռքբերման:
Նշեց, որ նախատեսում են նաեւ մեքենաների օտարում, որոնք ակտավորված են եւ չեն շահագործվում, գումարն էլ կուղղվի պետական բյուջեն: Տարասյանի ձեւակերպմամբ, նախատեսվում են նաեւ նախագահի ֆոնդից իրականացվող բարեգործական ծրագրեր, որոնց ուղղությունների ու չափանիշների մասին մանրամասն կիրազեկեն կայքում;
ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանին հետաքրքրում էր հետեւյալը «Դուք նախատեսում եք ՀՀ քաղաքացիության շնորհում 2019 թ 25 անձի եւ նախատեսում եք ՀՀ քաղաքացիության կասեցում` 20000 անձի, ուզում եմ հասկանալ, թե ինչպես եք հաշվարկել այս թվերը»:
Տարասյանն ասաց, որ տեխնիկական խնդիր է, թյուրիմացություն եւ 20000 անձի քաղաքացիության շնորհման մասին է խոսքը, իսկ քաղաքացիության կասեցումը պայմանավորված է այլ երկրի քաղաքացիություն ընդունելու հետ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ