Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաստաթղթի մշակման ընթացքում այն չի քննարկվել և չի համաձայնեցվել ընկերության հետ. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն

Նոյեմբեր 03,2018 12:40

«Երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարիչ հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը «Երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի որոշ դրույթները գնահատում է, որպես իրականությանը չհամապատասխանող։

ՀԿԵ-ն հայտնում է, որ փաստաթղթի մշակման ընթացքում այն չի քննարկվել և չի համաձայնեցվել ընկերության հետ, որը առավել լիարժեք տիրապետում է այդ նեղ մասնագիտական ոլորտին վերաբերվող ամբողջ տեղեկատվությանը։ Դատելով փաստաթղթի տեքստից՝ այն կազմողները չեն տիրապետում ոլորտում ներկա պահին տիրող իրավիճակի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության։ Արդյունքում աշխատանքային փաստաթղթում տեղ են գտել դրույթներ և գնահատականներ, որոնք չեն արտացոլում ընթացիկ իրավիճակը և հակասում են կոնցեսիոն պայմանագրի որոշ դրույթներին, որոնց հիման վրա գործում է Հարավկովկասյան երկաթուղին։

Գնահատելով երկաթուղային ենթակառուցվածքի ընթացիկ իրավիճակը, փաստաթղթի հեղինակները որպես հիմք են ընդունել 2008թ-ի իրողությունները, երբ ՀԿԵ-ն դեռ նոր էր ստանձնել Հայկական երկաթուղու ակտիվների կառավարումը։ Հայաստանի կառավարության 2006 թ-ի հոկտեմբերի 12-ի  N-1497 որոշումը մանրամասն նկարագրում է, մեղմ ասած, տխուր իրավիճակն այդ ոլորտում, երբ Հայկական երկաթուղու հետաձգված ներդրումների ծավալը կազմում էր 112,5 միլիոն դոլար:

Մինչդեռ Հարավկովկասյան երկաթուղին 2008թ-ից երկաթուղային ենթակառուցվածքի վերակառուցմանը և արդիականացմանը, շարժակազմի թարմացմանը և Գյումրիում ու Երևանում լոկոմոտիվային և վագոնային դեպոներում ժամանակակից մեքենաշինական  համալիրների ձևավորմանն արդեն իսկ ներդրել է 110 միլիարդ դրամ։ Մասնավորապես վերանորոգվել է 463 կմ երկաթուղային գծեր և 40 կամուրջ: Բացի դրանից արդեն իսկ սկսվել է մերձքաղաքային ուղևորատար էլեկտրագնացքների շարժակազմի թարմացման ծրագրի իրականացումը, որը կավարտվի 2020-ական թվականներին: Երևան – Գյումրի երթուղում գործարկվել է նոր ժամանակակից էլեկտրագնացք։ Միաժամանակ մշակվում է շարժակազմի նորացման ներդրումային համալիր ծրագիր։

Արդյունքում ՀԿԵ-ի տասնամյա գործունեության ընթացքում անվտանգության մակարդակը բնորոշող տրանսպորտային պատահարների թիվը երկաթուղում նվազել է 6 անգամ, էներգամատակարարման տեխնիկական միջոցների խափանումը՝ 4 անգամ, երկաթուղային ավտոմատիկայի տեխնիկական միջոցների խափանումը՝ 10 անգամ։ Գնացքների միջին արագությունը 25կմ/ժ-ից ավելացել է 60կմ/ժ, իսկ որոշ տեղամասերում՝ մինչև 100կմ/ժ, վերակառուցվել է 8 խոշոր կայարանային համալիր, աշխատանքի արտադրողականությունը ավելացել է 46%, ներդրվել են մինչ այդ Հայաստանում չoգտագործվող նոր տեխնոլոգիաներ: Այդ միջոցառումների համալիրը թույլ է տվել մի քանի անգամ նվազեցնել վթարների թիվը: Օրինակ, եթե 2008թ․-ին, երբ ՀԿԵ-ն դեռ նոր էր սկսել իր աշխատանքը Հայաստանում, գրանցվել է գնացքների գծերից դուրս գալու 151 դեպք, ապա 2017թ․-ին՝ ընդամենը 1 դեպք, այն էլ ոչ ընկերության աշխատակիցների մեղքով։

«ՀԿԵ» ՓԲԸ, որպես Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղային ոլորտի պահպանման և զարգացման համար պատասխանատու ընկերություն, շարունակելու է կատարել պետության առջև ստանձնած պարտականությունները և պատրաստ է այդ ոլորտում համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ։

«ՀԿԵ» ՓԲԸն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930