Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ընթանում են բյուջետային քննարկումները: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց, թե եկող տարվա ընթացքում համապատասխան գերատեսչություններն ինչպիսի ֆինանսավորում պետք է ստանան, հետո գերատեսչությունների ղեկավարները ներկայացրին, թե ինչպիսի քանակական, որակական եւ ժամկետային ցուցանիշների պետք է հասնեն, այդ ֆինանսավորման առկայության դեպքում:
«Ունենք կանխատեսումների եկող տարվա մակրոցուցանիշների հետ կապված եւ դրանից բխում են այն ցուցանիշները, որոնք կարող ենք ունենալ առաջիկա տարում, ինչն էլ մեզ թույլ է տվել ունենա համապատասխան բյուջետային ցուցանիշներ՝ այսօրվա օրակարգում ընդգրկված մարմինների համար»,-ասաց նախարարը:
Նա անդրադարձավ մի քանի առանձնահատկությունների, ասաց, որ որոշակի սահմանափակումներ կապված են պետական պարտքի հետ: Ասաց նաեւ, որ այս տարվա ծրագրերում ներառված են նաեւ արտաբյուջետային շրջանառությունները:
«Մշտապես եղել է մտահոգություն, որ արտաբյուջետային գործառնություններն իրենց մեջ ավելի մեծ ռիսկեր են պարունակում, քան բյուջետային գործառնությունները»,-ասաց նախարարը: «Չափն ընդհանուր 28 մլրդ դրամ է, որ ներառված է 2019թ բյուջեի նախագծում…Շրջանառության մեջ է գտնվում նաեւ նախագծերի փաթեթ, որով նախատեսված է, որ ընդհանրապես արտաբյուջետային հաշիվները կդադարեն գոյություն ունենալ եւ ընդհանուր կանոնների շրջանակում կմուտքագրվեն պետական բյուջե»,-տեղեկացրեց նախարարը:
Անդրադարձ եղավ կառավարման ապարատի ուռճացվածությունը, ղեկավար կազմ եւ աշխատակիցներ հարաբերակցությանը: Պարոն Ջանջուղազյանը փաստեց, որ ներկայումս ունենք ցրված պատասխանատվություն եւ անորոշ պարտավորությունների բազմություն, ինչը պետք է վերանայվի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ