Հայաստանյան Artconcept միջազգային ասոցիացիան գործունեության շուրջ երկու տարիների ընթացքում հասցրել է ներկայանալ մասշտաբային եւ տեւական մշակութային ծրագրերով, օրինակ՝ մասնագետներն ու հանդիսատեսը, վստահ ենք, կմտաբերեն մեր եւ արտասահմանցի արվեստագետների մասնակցությամբ ասոցիացիայի կազմակերպած OPUS միջազգային փառատոնը՝ բաղկացած մոսկովյան, փարիզյան եւ երեւանյան համերգաշարերից, վերջերս էլ Երեւանի 2800-ամյակին նվիրված ջազ համերգը՝ մասնակցությամբ ոչ միայն երաժիշտների, այլեւ կերպարվեստի ոլորտի մասնագետների: Ասոցիացիայի նպատակն է ստեղծել մշակութային երկխոսության հարթակ՝ տարբեր ոլորտների ճանաչված եւ սկսնակ ստեղծագործողների համար:
«Առավոտը» հյուրընկալել էր Artconcept միջազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Արմեն Մանասյանին՝ հանրահայտ դաշնակահար եւ մանկավարժ, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Յուրի Հայրապետյանի ծննդյան հոբելյանին՝ 85-ամյակին նվիրված միջազգային երաժշտական փառատոնի առիթով, որի գեղարվեստական ղեկավարն է մեր զրուցակիցը: Արմեն Մանասյանը որպես ասպիրանտ ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ պրոֆեսորի ղեկավարությամբ:
«Նոյեմբերի 3-7-ը հոբելյանական միջոցառումների շրջանակում սպասվում են սիմֆոնիկ եւ կամերային համերգներ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Հունաստանից 11 նշանավոր երաժիշտների, միջազգային մրցույթների դափնեկիրների մասնակցությամբ, ովքեր ուսանել են կամ ինչ-ինչ ստեղծագործական առիթներով շփվել են պրոֆեսորի հետ: Երաժշտագետ Իրինա Զոլոտովան կանցկացնի սեմինար՝ նվիրված երաժշտի կյանքին ու ստեղծագործական գործունեությանը, վարպետության դասեր կվարի անձամբ Յուրի Հայրապետյանը»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հայտնեց նաեւ, որ փառատոնի հատուկ հյուրն է Յուրի Հայրապետյանի զարմիկը՝ աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը:
Հետաքրքրությանը՝ փառատոնի անցկացման կազմակերպչական մասով եղե՞լ են աջակիցներ, Արմեն Մանասյանը նշեց մշակույթի նախարարության, Ազգային օպերային թատրոնի, ՌԴ-ում ՀՀ դեսպանության, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անունները:
Յուրի Հայրապետյանը ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան եւ ասպիրանտուրան, մեծանուն Յակով Ֆլիերի դասարանը, 1960 թվականից դասավանդել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ապա 1990-ականների սկզբից բեմական ու մանկավարժական գործունեությունը շարունակել Մոսկվայում:
Դիտարկմանը՝ նշանավոր պրոֆեսորի ծննդյան հոբելյանները մշտապես նշվել են Ռուսաստանում, մասնավորապես՝ Մոսկվայում, Երեւանում, եթե չենք սխալվում, միայն 80-ամյակին նվիրված համերգ է եղել՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ, մեր զրուցակիցը հաստատեց, հետո էլ նշեց, թե վերջերս Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան հանդիսավորությամբ նշեց պրոֆեսորի ծննդյան 85-ամյակը:
«Յուրի Հայրապետյանը հայ կատարողական արվեստի պատմության մեջ առաջին դաշնակահարն է, որը մասնակցել է միջազգային մրցույթի, դարձել դափնեկիր հեղինակավոր Ելիզավետա թագուհու անվան մրցույթում»,- ասաց ասոցիացիայի տնօրենը:
Անդրադառնալով այսօր մեկնարկող փառատոնին, տեղեկացրեց, որ բացումը կկատարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հրավիրյալ մենակատարների, այդ թվում՝ պրոֆեսորի որդու՝ Հրանտ Հայրապետյանի մասնակցությամբ, իսկ փակման երեկոն կկայանա Ազգային օպերային թատրոնում, նվագախմբի դիրիժորական վահանակի առջեւ կկանգնի ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը: «Փառատոնի վերջին երեկոյին դաշնակահար մենակատարներից բացի, հանդես կգա Նարեկ Հախնազարյանը եւ առաջին բեմելը կտոնի Հայաստանի Դիվիզի երգչախումբը՝ Մարինա Ալավերդյանի ղեկավարությամբ: Ի դեպ, 1971թ. 15-ամյա Կոնստանտին Օրբելյանը ԱՕԿՍ-ի նախաձեռնությամբ Ամերիկայից առաջին անգամ հայրենիք է եկել եւ կարճ ժամանակ, եթե չեմ սխալվում՝ 6 ամիս, ուսանել պարոն Հայրապետյանի դասարանում»,- հայտնեց Արմեն Մանասյանը եւ ներկայացրեց իր պրոֆեսորի անցած դպրոցի «տոհմածառը», որը ձգվում է մինչեւ Բեթհովեն. Յուրի Հայրապետյանը ուսանել է Յակով Ֆլիերի դասարանում, Յակով Ֆլիերը՝ Նիկոլայ Իգումնովի, Իգումնովը՝ Ալեքսանդր Զիլոտիի, Զիլոտին՝ Ֆերենց Լիստի, Լիստը՝ Կարլ Չերնիի, Չերնին՝ Բեհթովենի:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Արմեն Մանասյանը պրոֆեսորի՝ Յուրի Հայրապետյանի հետ: